Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի ԱԳՆ ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ. Լավրով


ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Հայաստանում տեղի ունեցողի վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց, իհարկե, հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք իսկապես չէինք ցանկանա, որ այս եկեղեցին ենթարկվի հարձակումների՝ ըստ էության առանց որևէ լուրջ հիմքի»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ուժայինները նախորդ ուրբաթ օրը նախ Շիրակի առաջնորդարանում էին խուզարկություններ արել, ապա գնացել էին Մայր Աթոռ՝ ձերբակալելու թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հավաքվածները դա մի քանի ժամ թույլ չէին տալիս: Սրբազանն ինքը ուղևորվեց Քննչական կոմիտե: Դատավորի որոշմամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամսով:

Քննչական կոմիտեն Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում է զանգվածային լրատվամիջոցներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով՝ 2024 թվականին հրապարակված մի հարցազրույցի հետքերով: Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում:

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա 14 աջակիցներ էլ կալանավորվել էին ավելի վաղ՝ ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու հոդվածներով: Նրանք ևս մեղքը չեն ընդունում:

Այս ամենը տեղի է ունենում իշխանություն-եկեղեցի հրապարակային առճակատման ֆոնին:


XS
SM
MD
LG