Ազգային ժողովն այսօր քննարկեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու գլխավոր դատախազի երկու միջնորդագրերը:
Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդագրերով կան բավարար ապացույցներ, որ պատգամավորները համաձայնություն տան Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին մեղադրանք առաջադրելու համար: Նախ քննարկվեց Օհանյանի վերաբերյալ միջնորդությունը, պատգամավորը ներկա չէր, ավելի ուշ՝ Ֆեյսբուքում գրեց՝ Ազգային ժողով գրություն է ուղարկել, որ առողջական խնդրի պատճառով չի ներկայանալու:
«Ակնհայտ է, որ Հայաստանի իշխող խմբակը, լինելով տեղեկացված իմ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ, կազմակերպել է այս շոուն իմ և իմ գործընկերների դեմ՝ հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ շեղել
հանրության ուշադրությունը իրենց իսկ ձեռամբ ստեղծված, մեր պետության դեմ ուղղված ծանրագույն սպառնալիքներից և ադրբեջանական իշխանությունների հետհամաձայնեցված՝ շարունակել հետևողականորեն չեզոքացնել բոլոր այն
քաղաքական, հասարակական, զինվորական գործիչներին, բարերարներին, հոգևորականներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի, Հայաստանի, հանուն հայ ժողովրդի և նրա հոգևոր արժեքների լինելիության», - նշել է նա։
Ազգային ժողովի նախագահն ի պատասխան՝ բացատրեց, թե այդ գրությունը նախորդ արտահերթից առաջ է ստացել:
Հետո արդեն ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին՝ Օհանյանի վերաբերյալ հարցի քննարկմանը չեն մասնակցի և լքեցին նիստերի դահլիճը:
Պաշտպանության նախկին նախարարին առնչվող գործր պարզվեց հարուցվել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք՝ դեռ 2017 թվականին, երբ Օհանյանը ընդդիմադիր ՕՐՕ դաշինքի առաջնորդներից էր:
Իսկ 2018-ից հետո մի շարք այլ քրեական վարույթներ են նախաձեռնվել և միացվել այդ նույն գործին: Օհանյանը մեղադրվում է՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը զավթելու և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցելու, ապա հայտարարագրում դրա վերաբերյալ տվյալները թաքցնելու համար: Նրա թիմակիցներն այսօր պնդում էին՝ դատախազը գործում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հիշեցնում էին՝ երկու ամիս առաջ խորհրդարանում ընդդիմադիրներին զգուշացրել էր ուղարկել ԱԱԾ
պադվալ:
Ընդդիմադիրները դահլիճ վերադարձան, երբ դատախազը ներկայացրեց Արծվիկ Մինասյանի վերաբերյալ միջնորդագիրը: Մինասյանը, ըստ դատախազության, այդ տարիներին լինելով բնապահպանության նախարար չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով:
Ժամեր տևած քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները փորձում էին պարզել՝ այդ ի՞նչ խմբային շահերից ելնելով է գործել Արծվիկ Մինասյանը և ո՞րն է եղել նրա մոտիվացիան:
Դատախազը նաև հայտարարեց, թե Արծվիկ Մինասյանը ցուցմունքների ժամանակ ասել է՝ տեղեկացված է եղել, որ հողամասը Սեյրան Օհանյանին է պատկանում և ցանկացել է այն օրինականության դաշտ բերել: Մինասյանն ի պատասխան հայտարարեց. - «Սուտ, ես ոչ միայւն չեմ իմացել, թե ընդհանրապես ով է կառուցապատել, ավելին, պարոն Օհանյանը կապ ունի կառուցապատման հետ, թե՝ չէ: Ես ընդամենն ասել եմ, որ ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն, օգտագործվում է պարոն Օհանյանի կողմից: Ի դեպ, այդ փաստը ես պարոն Օհանյանին ներկայացված մեղադրանքն ուսումնասիրելիս նաև իր ցուցմունքում էլ դա կա, էդ մարդը չի հերքում»:
Պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցերի քննարկումը կշարունակվի երկուշաբթի:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում.