Միացյալ Նահանգների նախագահը հերքել է լուրերը, թե Վաշինգտոնը փորձում է Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանին՝ քննարկելու բալիստիկ և միջուկային ծրագրերը: Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ը ոչինչ չի առաջարկում Իրանին, ապա վերահաստատել է պնդումը, թե լիովին ոչնչացրել են Թեհրանի միջուկային օբյեկտները։
Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը հաջորդում է ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներին, թե Իրանին բանակցությունների վերադարձնելու համար ԱՄՆ-ը մտադիր է վերացնել պատժամիջոցների մի մասը և Իրանին հասանելիություն տրամադրել սառեցված գումարներից 30 մլրդ դոլարին, որը Թեհրանը պետք է օգտագործի էլեկտրաէներգիա արտադրելու համար:
Իրանի փոխարտգործնախարարն էլ BBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թրամփի վարչակազմը Իրանին բանակցությունների վերադարձնել փորձում է միջնորդների միջոցով: Մաջիդ Թախտ-Ռավանչին նշել էր, որ ԱՄՆ-ը պետք է բացառի Իրանի դեմ հետագա որևէ հարձակում, եթե ցանկանում է վերսկսել բանակցությունները: Սակայն Վաշինգտոնը, ըստ նրա, նման երաշխիք դեռ չի տվել:
«Մենք չենք համաձայնել հանդիպման ամսաթվի, ձևաչափի շուրջ։ Հիմա ձգտում ենք ստանալ հարցի պատասխանը՝ արդյոք ականատես կլինենք ագրեսիայի կրկնության, մինչ երկխոսում ենք», - ասել է Թախտ-Ռավանչին:
Իրանցի պաշտոնյան նաև ասել է, թե հնարավոր բանակցությունների ժամանակ կպնդեր, որ Իրանը պետք է խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու հնարավորություն ունենա:
Մինչ Թրամփը վերահաստատում է, որ ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտներին հասցված հարվածները հետ են գցել Իրանի միջուկային ծրագիրը, սակայն հնարավոր չէ պնդել, թե ամեն ինչ ոչնչացվել է: Բացի այդ, ըստ Ռաֆայել Գրոսսիի, Իրանն ունի ուրանի հարստացման համար անհրաժեշտ գիտելիքներն ու տեխնոլոգիաները և իր միջուկային ծրագիրը կարող է վերսկսել մի քանի ամսում:
«Կա նաև ինքնին ակնհայտ ճշմարտություն, որ Իրանն ունի այդ գիտելիքները, արդյունաբերական հզորությունները։ Իրանն ունի բարձր մակարդակի տեխնոլոգիական զարգացվածություն միջուկային ոլորտում», - ասել է Գրոսսին:
Ֆրանսիայի նախագահը կիրակի օրը իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցից հետո սոցցանցում գրել է, որ իր ուղերձը Թեհրանին եղել է հստակ՝ վերադառնալ բանակցություններին և քննարկել բալիստիկ և միջուկային ծրագրերը, նաև վերականգնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը, որից Իրանը հրաժարվել է անցած շաբաթ՝ հայտարարելով, որ այն չի դատապարտել իր միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները։
Իրանի նախագահն էլ, ըստ IRNA-ի, ասել է, որ գործակալության երկակի չափանիշները շատ խնդիրներ են ստեղծել տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար:
Իրանի արտգործնախարարության խոսնակն իր հերթին ասել է՝ այս պարագայում չի կարելի Իրանից ակնկալել, որ պահպանի գործակալության հետ համագործակցությունը և ապահովի նրա տեսուչների անվտանգությունը: Էսմայիլ Բաղային նշել է՝ դժգոհ են Ռաֆայել Գրոսսիից:
«Մենք խիստ դժգոհ ենք գործակալության գլխավոր տնօրենի դիրքորոշումներից և գործողություններից ... և կարծում ենք, որ նա չի գործել գլխավոր տնօրենի պաշտոնում իր տեխնիկական պարտականությունների և պատասխանատվության շրջանակում», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան այս հայտարարությունը համարել են սպառնալիք և դատապարտել այն՝ Իրանին կոչ անելով ապահովել գործակալության աշխատակիցների անվտանգությունը:
Այս ֆոնին բացառիկ կադրեր են հրապարակվել Թեհրանի Էվին բանտից, որին Իսրայելը հարվածել էր հունիսի 23-ին: Նոր կադրերը վկայում են լայնածավալ ավերածությունների մասին: Իրանը հաղորդում է, որ առնվազն 71 մարդ է սպանվել է այդ հարձակման հետևանքով:
Իսրայելի հարձակման առաջին օրերին իրանական մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին, սակայն ավելի ուշ հերքեցին դա՝ հաստատելով, որ նա ծանր վիրավորվել է: Շամխանին, որն այժմ քայլում է ձեռնափայտով, առաջին հարցազրույցն է տվել, որում մանրամասներ է ներկայացրել հարձակման պահից. - «Հեռախոսս գետնին էր՝ մի փոքր հեռու, իսկ ընտանիքս քնած էր հարևան սենյակում։ Ես ևս քնած էի, բայց քանի որ աղոթքի ժամն էր, արթնանում էի։ Ամբողջ սենյակը փլուզվեց, և շատ բեկորներ ընկան ինձ վրա։ Երեք ժամ մնացի փլատակներում»։
Մինչ Իրանը փորձում է ուշքի գալ 12-օրյա պատերազմից, որի հետևանքով զոհերի թիվը երկում գերազանցել է 900-ը, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ պատերազմում տարած հաղթանակը նոր հնարավորություններ է ստեղծել Իսրայելի համար, այդ թվում՝ Գազայից իսրայելցի պատանդներին վերադարձնելու առումով:, որոնք այնտեղ հայտնվել են 2023 թվականի հոկտեմբերին՝ Իսրայելի վրա պաղեստինցիների հարձակման ժամանակ:
«Իհարկե, մենք պետք է լուծենք նաև Գազայի հարցը, հաղթենք «Համաս»-ին, բայց հավատում եմ, որ կիրականացնենք երկու առաքելություններն էլ։ Դրանից զատ, բացվում են լայն տարածաշրջանային հնարավորություններ», - նշել է Բենյամին Նեթանյահուն:
Վաշինգտոնում այսօր նախատեսված են Իսրայելի և ԱՄՆ-ի բանակցությունները: Սակայն մինչ այդ Իսյրայելի զինուժը հարվածել է Գազային, կա 58 զոհ: