Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում խոսել է իր հրաժարականի և Արցախի ինտեգրացիայի մասին


Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի պաշտոնում, արխիվ
Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի պաշտոնում, արխիվ

Բաքվի դատարանում շուրջ կես տարի շարունակվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության վերջին նիստում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը խոսել է իր հրաժարականի պատաճառների և Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու գործընթացի մասին:

Անկախ լրատվամիջոցների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին տեղեկություններ է փոխանցում պետության կողմից վերահսկվող «Ազերթաջ» գործակալությունը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն իբրև թե նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրմանը դեմ են եղել որոշ արմատական խմբեր, ովքեր նաև հակված են եղել վրեժխնդրության, և որ այդպիսի դեպքեր արձանագրվել են: Եղել են նաև մարդիկ, ովքեր իրեն մեղադրել են դավաճանության և Ադրբեջանի հետ համագործակցելու համար:

Արայիկ Հարությունյանն, ըստ «Ազերթաջ»-ի, ասել է, թե «իր մարդիկ, մինչդեռ, ավելի կառուցողական մոտեցման կողմնակից են եղել»: Պարզ չէ՝ իր մարդիկ ասելով ում նկատի ուներ Արցախի նախկին նախագահը: Ամեն դեպքում, դատական նիստին Հարությունյանն ասել է, թե իր նկատմամբ վստահությունն այն աստիճան էր ընկել, որ ինքը ստիպված հրաժարական է տվել:

Պատասխանելով իր շահերը պաշտպանող փաստաբանի հարցին, թե արդյոք եղել է մահափորձ իր նկատմամբ, Հարությունյանն ասել է՝ ոչ, բայց ինչ-որ բաներ են տեղի ունեցել, որոնք տեսագրված են, այդ մասին, սակայն, Արցախի նախկին ղեկավարը նախընտրել է լռել:

«Կարող են ադրբեջանցիները ստիպեն, որ իրենք խոսեն այնպիսի բաներ, որը օգուտ է հենց իրենց էդ կեղծ դատավարությանը». - Արցախի խորհրդարանի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ պետք է նկատի ունենալ, որ գերության մեջ գտնվող մարդկանց Ադրբեջանը կարող է ստիպել անել հայտարարություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

Նախկին պատգամավորը պնդում է՝ Արցախի ժողովուրդը գոնե մեկ օր պատրաստ չէր ապրել ադրբեջանական դրոշի ներքո: Իսկ եթե ինչ-որ խմբեր են եղել, ովքեր կողմ են եղել Ադրբեջանի կազմում ինտեգրացիային, նրանք ակտիվ չեն եղել:

Հակոբյանը, սակայն, նշում է, որ Ղարաբաղը իբրև տնտեսական գոտի դարձնելու առաջարկ խորհրդարանում շրջանառության մեջ էր դրել Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիք» խմբակցությունը, բայց այն չի էլ քննարկվել:

«Իբրև թե ճանապարհային քարտեզ էր էդ ամենը ներկայացված, որտեղ, էսպես, տնտեսական համագործակցության, նույնիսկ էնտեղ նշված էր, որ հնարավոր է նաև դիտարկել ադրբեջանական լեզուն որպես աշխատանքային լեզու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը՝ հավելելով. - «Դե եթե կա տնտեսական որպես գոտի դիտարկվող Արցախը, հետևաբար՝ դա ինչ-որ կերպ ենթադրում է նաև Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակ, այսինքն՝ մենք էդպես ենք հասկացել և ընկալել»:

«Միասնական հայրենիք» կուսակցությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ 2020 թվականի պատերազմից հետո խորհրդարանում իսկապես փաստաթուղթ շրջանառության մեջ դրել են, սակայն դրանով առաջարկել են նախկին ԼՂԻՄ տարածքային ամբողջականության պահպանման շուրջ բանակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ:

Ի՞նչ դիրքորոշում ուներ Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու շուրջ Արայիկ Հարությունյանը. Մետաքսե Հակոբյանն ասում է՝ հրապարակային կամ պատգամավորների հետ քննարկումներում Արցախի նախագահը երբևէ չի խոսել այն մասին, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, կամ լինի տնտեսական համգործակցություն:

Անդրադառնալով Հարությունյանի այն պնդմանը, թե ինքը հրաժարական տվեց, քանի որ ժողովուրդն իրեն այլևս չէր վստահում, ընդդիմադիր գործիչը հակադարձում է՝ նախագահի նկատմամբ վստահությունը սպառվել էր 2020 թվականի պատերազմից հետո, և հետևաբար 2023-ի սեպտեմբերին իր այդ քայլը ամենևին պայմանավորված չէր անվստահության գործոնով:

Արցախի նախագահը հրաժարական տվեց 2023-ի սեպտեմբերի 1-ին, ընդ որում՝ հեռանալուց առաջ վստահեցրել էր՝ որոշումը բացառապես իրենն է։ Նա նաև պարզաբանել էր, թե հնարավոր զարգացումների պայմաններում մոտեցումների փոփոխության կարիք կա, իսկ դրա համար Արցախում պետք է հիմնական դերակատարները փոխվեն։

Մետաքսե Հակոբյանը կարծում է՝ Հարությունյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանի ճնշման հետևանքով. - «Օդում պտտվող լուրերով տեղեկացված էինք, որ կա կոնկրետ ճնշում Հայաստանի իշխանությունների կողմից, ինչի պատճառով Արայիկ Հարությունյանը հրաժարական է տվել»:

«Այսինքն՝ Փաշինյանի կողմից ճնշում կար, որ Արայիկ Հարությունյանը հրաժարակա՞ն տար», - այս հարցին Հակոբյանն արձագանքեց. - «Այո, այո, ըստ օդում կախված լուրերի՝ դա էր, և նպատակը այն էր, որ էն, ինչ որ տեղի էր ունենալու սեպտեմբերին արդեն՝ տեղահանություն, Արցախի ժողովուրդը ուղղակի գլխատված, Արցախն ընդհանրապես գլխատված, գային Հայաստան, որին կառավարելը շատ ավելի հեշտ կլիներ»:

Մինչդեռ Հայաստանի իշխանությունը բազմիցս պնդել է՝ Արցախում իշխանափոխություն են իրականացրել նախկինները և ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո էլ լուծարել են Արցախը:

Մետաքսե Հակոբյանը, իշխանության այս պնդումներն անհիմն որակելով, հիշեցնում է 2023 թվականի օգոստոսի 29-ին Արցախի խորհրդարանում Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ մինչև լուսադեմ տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցել են շուրջ 80 քաղաքական և հասարակական գործիչներ: Հակոբյանն ասում է՝ այդ օրը երևում էր, որ ճնշումներ կան նախագահի վրա, Հարությունյանն իրենց փոխանցել է, որ քաղաքական խորհրդակցություններից հետո կորոշի՝ հրաժարակա՞ն տալ, թե՞ ոչ: Թե ում հետ է քննարկումներ անցկացրել Հարությունյանը, ընդդիմադիր խմբակցության նախկին պատգամավորը տեղյակ չէ, ասում է՝ մամուլից են տեղեկացել հրաժարականի մասին:

«Իսկ նա չասա՞ց, թե ինչու է պատրաստվում խորհրդակցություններ անցկացնել ու նման որոշում կայացնել՝ հրաժարական տա՞, թե՞ չտա», - այս հարցին Հակոբյանը պատասխանեց. - «Ասելով, որ վերջ, ամեն ինչ վերջացած է, և այլևս որևէ բան փրկել հնարավոր չէ»:

Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո սեպտեմբերի 9-ին Արցախի խորհրդարանը նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին:
Սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ ընտրությունից տասն օր անց, Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա, ինչից հետո նախագահ Շահրամանյանը Արցախը լուծարելու մասին հրամանագիր ստորագրեց:


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG