Արցախի ամբողջական հայաթափումից երկու տարի էլ չանցած Իլհամ Ալիևն այսօր Ստեփանակերտում հայտարարել է, թե այժմ մեծ կարևորություն է ստանում Հայաստանից արտաքսված արևմտյան ադրբեջանցիների վերադարձը:
Ադրբեջանի նախագահը հայերից դատարկված քաղաքում հյուրընկալել է մի շարք երկրների առաջնորդների՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքին: Ելույթի զգալի մասը նվիրելով Հայաստանին՝ Ալիևը հիշեցրել է օրեր առաջ Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևերը, որոնցում Երևանին կոչ էր արվում կատարել Բաքվի պահանջները:
«Մենք բարձր ենք գնահատում կազմակերպության նախարարների խորհրդում բոլոր 57 անդամ պետությունների կողմից աջակցվող միաձայն բանաձևի ընդունումը, որը վերահաստատում է Հայաստանից բռնի արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը։ Այս բանաձևի հետ մեկտեղ, ժամանակակից Հայաստանի տարածքից բռնի վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը հաստատվում է նաև Նախարարների խորհրդի նիստից հետո ընդունված «Ստամբուլի հռչակագրով»։ Հռչակագիրը նաև դատապարտում է Հայաստանի հրաժարումը Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ երկխոսություն սկսելուց», - նշել է Ադրբեջանի նախագահը:
Պաշտոնական Երևանը քննադատել էր այդ բանաձևերը՝ ձևակերպումները որակելով խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի:
Ապա նաև բանաձևերին միացած Թեհրանն էր հայտարարել, թե փաստաթղթերում «Արևմտյան Ադրբեջանի» մասին հիշատակումներն Իրանի սրտով չեն, նման արտահայտությունները կարող են աշխարհաքաղաքական փոփոխությունների ցանկություն առաջացնել, ինչը կառուցողական չէ: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, սակայն, այսօր չառարկեց, երբ Ալիևը մի քանի անգամ խոսեց «Արևմտյան Ադրբեջանի մասին»:
«Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց նախնիների հողեր՝ Հայաստան, խաղաղ վերադարձն ապահովելու ջանքերը կշարունակվեն նաև ապագայում», - ընդգծել է Իլհամ Ալիևը:
Այսօր Ստեփանակերտ են ժամանել Թուրքիայի, Իրանի, Ուզեբկստանի նախագահները, ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի ռազմական ու տնտեսական դաշնակիցներ Տաջիկստանի և Ղրզըստանի առաջնորդները, Պակիստանի վարչապետը, Կիպրոսի թուրքական օկուպացված հատվածի ղեկավարը: Նրանց Իլհամ Ալիևը պատմում էր, թե ինչպես է Ադրբեջանը ուժով վերականգնել տարածքային ամբողջականությունը:
Ալիևը Հայաստանին կրկին մեղադրել է ականներ տեղադրելու համար
Ադրբեջանի նախագահը որևէ խոսք չասաց շուրջ չորս ամիս ստորագրմանը սպասող հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին՝ փոխարենը ներկայացրեց հաշվարկներ. - «Հանձնաժողովը, որի կազմում են պետական մարմինների ներկայացուցիչներ և օտարերկրյա փորձագետներ, գնահատել է օկուպացիայի հետևանքով Ադրբեջանին պատճառված վնասը՝ մոտ 150 միլիարդ դոլար»:
Ալիևը գործընկերների առջև Հայաստանին կրկին մեղադրեց 1 միլիոնից ավելի ականներ տեղադրելու համար՝ պնդելով, թե պատերազմից հետո հարյուրավոր ադրբեջանցիներ են զոհվել ու վիրավորվել: Թեև Երևանը տրամադրել է ականապատման քարտեզները, Բաքուն դժգոհում է, որ դրանք թերի են:
Ստեփանակերտ ժամանած պաշտոնյաները նաև երկկողմ հանդիպումներ են անցկացնում, Իրանի առաջնորդի հետ բանակցել են թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ Ռեջեփ Էրդողանը:
Դեռ երեկվանից ընդունելով բարձրաստիճան հյուրերին՝ Ալիևը նրանց հետ շրջում է Ստեփանակերտում, ցուցադրում հիմնականում հայերի կառուցած շենքերը՝ ներկայացնելով դրանք որպես ադրբեջանական ներդրումներ: Թուրքիայի նախագահն ասել է, որ այս քաղաքը Կովկասի զարգացման նոր կենտրոնն է դառնալու:
2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական լայնածավալ հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից հայերը հեռացան օրերի ընթացքում՝ թողնելով տներն ու ամբողջ ունեցվածքը: