Մատչելիության հղումներ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելուն առնչվող նախագիծը


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 65 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց, ըստ էության, ՀԷՑ-ը պետականացնելուն միտված նախագիծը: Խորհրդարանի արտահերթ նիստում այն արագացված ընթացակարգով է քննարկվում՝ 24-ժամյա ռեժիմով, ժամեր անց պետք է տեղի ունենա նախագծի երկրորդ ընթերցումը:

Նախագծում լրացումներ կատարելու համար պատգամավորներն ընդամենը մի քանի ժամ ունեն:

Այս նախագծով կարող են ՀԷՑ-ի կառավարումը ժամանակավոր կառավարչի հանձնել, եթե ընկերությունը պատշաճ չկատարի իր պարտականությունները: Հրատապ կարգով քննարկվող նախագիծն այս մեխանիզմն է ենթադրում. ընկերության թույլ տված խախտումների վերաբերյալ կառավարության հաղորդման հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը պետք է առավելագույնը հինգ օրում վարչական վարույթ հարուցի: ՀԾԿՀ նախագահը իրավասու կլինի նաև «կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին» որոշում կայացնել, այդ միջոցառումներից մեկն էլ հենց ժամանակավոր կառավարչի նշանակումն է:

Եթե այդ վարույթի ընթացքում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշում կայացվի, կառավարությունը սեփականատերերին կառաջարկի իր հետ համաձայնեցված կարգով օտարել բաժնետոմսերը, գույքը: Ժամկետ էլ է սահմանվում՝ երեք ամիս, եթե այդ ընթացքում գույքը չվաճառվի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան: Մայր օրենքի այս հոդվածը սեփականության իրավունքի մասին է, սահմանվում է՝ «հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով՝ միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»:

Նախագիծը հետադարձ ուժ ունի, վարույթ կարող է հարուցվել նաև նախկին խախտումների համար։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագծի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ Այսինքն՝ գործնականում ժամանակավոր կառավարիչ կարող է նշանակվել այդ պահից սկսած մի քանի օրվա ընթացքում։

ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին իշխանությունները հայտարարեցին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանն ու կալանավորմանը զուգահեռ: Մի քանի օրվա ընթացքում հասցրին նաև օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակել, որով նաև կարող են ժամանակավոր կառավարչի հանձնել ընկերության կառավարումը, եթե այն պատշաճ չկատարի իր պարտականությունները:

Երեկ մինչ Ազգային ժողովը քննարկում էր այս նախագիծը, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր Սամվել Կարապետյանն ու ընտանիքը զգուշացրին՝ եթե պետական կառույցները նույն կերպ շարունակեն, Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժային վարույթ կհարուցվի, և Կառավարությունը ստիպված կլինի ամբողջական փոխհատուցում վճարել:

Կարապետյանները տեղեկացրել են՝ պետական մարմիններին ծանուցում են ուղարկել ներդրումային վեճի վերաբերյալ, որը հիմնված է Հայաստանի և Կիպրոսի միջև 30 տարի առաջ ստորագրված ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագրի վրա: Կարապետյանները ՀԷՑ-ը տնօրինում են նաև Կիպրոսում գրանցված մի ընկերության միջոցով:



Մանրամասները տե՛ս այստեղ



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG