Մատչելիության հղումներ

ԱԺ-ն քննարկում է ուղևորության համար չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագիծը


Ուղևորության համար չվճարող քաղաքացիները կտուգանվեն մինչև 15 հազար դրամով. օրենքում փոփոխություններն անելու նախագիծն այսօր քննարկվում է Ազգային ժողովի արտահերթ նիստում: Առաջին ընթերցմամբ քվեարկությունից առաջ օրինագիծն արժանացավ ընդդիմության կոշտ քննադատությանը:

Օրինագծով քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն՝ հանրային տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում, իսկ 3 հազար դրամով՝ եթե ունեն տոմս, սակայն մեկ րոպեի ընթացքում այն չեն մոտեցրել վճարման սարքին:

Տարածքային և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտարարեց, որ փոփոխությունն առաջարկվում է, քանի որ հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիների մոտ 25-30 տոկոսը չի վճարում:

«Դա նաև մնացած 70-75 տոկոսի մոտ առաջացնում է արդարացի դժգոհություն, և կարծում ենք՝ այս հարցը պետք է լուծել, և որքան հնարավոր է արագ», - ասաց նա:

Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, որոնք տեխնիկական խնդրի պատճառով չեն կարողանա կամ չեն հասցնի ծանրաբեռնված տրանսպորտում մեկ րոպեում վճարել, կամ էլ բանկային քարտով վճարման դեպքում ինչպե՞ս են ստուգելու՝ քաղաքացին վճարել է, թե ոչ. չնայած այց հարցերին նախագծում անդրադարձ չկա, փոխնախարարն ասաց ՝ այդ դեպքում քաղաքացին չի տուգանվի, բայց չներկայացրեց՝ ինչպես է որոշվելու՝ քաղաքացին ինքն է հրաժարվել վճարելուց, թե վալիդատորդն է անսարք եղել:

«Եթե տեխնիկական խնդիր է առաջացել, այսինքն՝ տրանսպորտային ծառայություն մատուցողը չի կարողացել վավերացնել ձեր կողմից ձեռք բերված տոմսը կամ կրիչը, ապա այդ դեպքում վարչական պատասխանատվություն չի կիրառվում»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կտրականապես չի ընդունում նախագիծը: Ընդդիմադիր պատգամավորները հայտարարում են, որ այս փոփոխությամբ իշխանությունները քաղաքացիներին դարձնում են «տուգանքի մատերիալ»:

«Իմ խորին համոզմամբ և ցանկացած ողջամիտ վերլուծության դեպքում՝ այս նախագիծը ՀՀ քաղաքացուն, հատկապես Երևան քաղաքի բնակիչներին տուգանքի մատերիալ նշանակելու մասին է», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Իրենց «ռեֆորմը», ինչպես և մնացածը խայտառակ կերպով ձախողվել են, և հիմա փող է պետք, մնում է քաղաքացին՝ որպես տուգանքի անսպառ մատերիալ, բերում եք, որ ի՞նչ», - հավելեց նույն խմբակցությունից Արթուր Խաչատրյանը:

Չնայած ընդդիմադիրների պնդումներին, որ նախագիծն անհիմն է, և դրանում բազմաթիվ բացեր կան, իշխող խմբակցությունը անհրաժեշտ է համարում դրա ընդունումը: Հայտարարում են՝ նախագիծն անարդարության վերացման համար է:

«Ես կարծում եմ, որ բոյկոտը չի հաջողվել, այլ դրա հետևանքով, ցավոք, ստեղծվել է մի մշակույթ, և շատ քաղաքացիներ, պարզապես օգտվելով այդ առիթից, անարդարության զգացողություն են ստեղծում այն մարդկանց մոտ, ովքեր պարտաճանաչորեն վճարում են հանրային տրանսպորտի համար», - նշեց ՔՊ-ական Զարուհի Բաթոյանը:

Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ հավելեց. «Այո, վարչապետն ասել է, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, և նկատի է ունեցել, որ ստեղծվել է մի համակարգ, որտեղ այդ համակարգի նպատակն իրավախախտումը կանխելը չի, նպատակը տուգանքի միջոցով քաղաքացուց փող քամելն է»:

Ուղևորների մի մասը կողմ է՝ հավասարության համար պետք է տուգանվեն բոյկոտողները կամ ուղղակի ուղևորության համար վճարել խոսափողները: Նրանցից ոմանք, սակայն, հարց են բարձրացնում՝ եթե սարքը չաշխատի, իրենց տուգանելո՞ւ են, թե՞ ոչ, կա ինչպե՞ս Է որոշվելու՝ խնդիրը սարքից է, այլ ոչ թե քաղաքացին է խուսափել վճարից:

Մարդիկ նաև չեն հասկանում՝ ինչո՞ւ են իշխանությունները ուղեվարձը բարձրացնելուց հետո՝ հիմա էլ, նոր տուգանքներ սահմանում, մինչ այդ ոլորտում դեռ բազմաթիվ են խնդիրներրը:

Առաջարկվող փոփոխություններն ամենայն հավանականությամբ ամբողջությամբ քվեարկության կդրվեն վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG