Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը վստահ է՝ կաթողիկոսը հեռանալու է, եկեղեցուց պնդում են՝ Վեհափառն այդ մասին մտածելու իրավունք անգամ չունի


Ազգային ժողովի նախագահը կասկած չունի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը թողնելու է գահը։

«Խնդրում եմ՝ թող շատ բան չանի, թող լքի», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ինչ մեխանիզմով է իշխանությունը կազմակերպելու այդ ներեկեղեցական, միայն եպիսկոպոսական ժողովին վերաբերող հարցը, առայժմ իշխանական վերնախավում հստակություն չկա։

«Ինչ հեռանալ։ Վեհափառը այդ մասին մտածելու իրավունք անգամ չունի», - հակադարձում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, - «Վեհափառ հայրապետն ունի ուխտ Հայ եկեղեցու հանդեպ, հետևաբար մինչև վերջ պիտի հավատարիմ մնա իր ուխտին»:

Հոգևորականի ուխտը, ըստ եպիսկոպոսի, թույլ չի տալիս, որ ըստ կամքի թողնեն ծառայությունը։ Իսկ կուսակրոնության ուխտը խախտել ու շարունակել կաթողիկոսի գահին մնալ կարելիէ՞՝ իշխանականները ուղիղ մեկ ամիս է՝ այս պնդումն են անում։

«Հարցրեք, ասեք՝ եղբա՛յր, երեխա ունե՞ս», - ասաց ԱԺ նախագահը:

«Հո ասելով չի, շատ բան են ասում, ես էլ ասում եմ՝ սուտ են ասում», - արձագանքում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Հայաստանի վարչապետը, սակայն, վաղուց արդեն հարցադրումներից անցել է պնդումների. պնդում է, որ փաստեր ունի, թե Վեհափառը զավակ ունի, և այժմ նրան Վեհարանից հանելու գործում ուզում է ներգրավել ամուսնացյալ քահանաներին։

«Եթե դուք էլ զավակ ունեք, Կտրիճ Ներսիսյանն էլ, ինչո՞ւ նա եկեղեցում ավելի բարձր կարգավիճակ ունի, քան դուք, այն պարագայում, երբ նա խաբում է ժողովրդին ու Աստծուն, իսկ դուք՝ ոչ։ Ինչո՞ւ պիտի շնացող «կուսակրոնը» գերակայի ձեր նկատմամբ և ղեկավարի ձեզ, երբ այդ իրավունքը ձեռք է բերել միայն կուսակրոնության ուխտի բերումով և որը պղծել է», - գրել է Փաշինյանը սոցցանցերում։

Բոլոր ամուսնացյալ քահանաներն «իմ եղբայրներն են», երկու օր է՝ Նիկոլ Փաշինյանն այս ջերմ նախադասությամբ քահանաներին կարծես թե հրավիրում է Վեհարանի ազատագրական պայքարին միանալու։ Առայժմ, սակայն, հաջողություններ չկան:

«Նիկոլ Փաշինյան անունով եղբայր չունենք», - այսպես են արձագանքում ամուսնացյալ քահանաները։

«Եղբայրը եղբոր վրա չի գնա զենքով, զինված, դրա համար դա եղբայրություն չի կարող լինել, եղբայրը գալիս է սիրով, համբերությամբ, զսպված», - ասում է Մարալիկի հովվության հոգևոր հովիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը:

Նա հավելում է՝ այն, ինչ քահանաներով տեսան Մայր Աթոռում օրեր առաջ, եղբոր քայլ չէր. իրավական գործընթացը սրտակից եղբայրը կկազմակերպեր առանց ուժայինների՝ զորքը Մայր Աթոռ բերելու: Վստահ է՝ ամուսնացյալ քահանաների մեծ մասը մտածում է իր պես։

Մի՞թե նրանց չի անհանգստացնում, որ կաթողիկոսը, Մայր Աթոռի այլ սրբազաններ կուսակրոնության ուխտ են արել ու, ըստ իշխանականների, այն խախտել են։ Քահանան ասում է՝ բոլոր հոգևորականները ուխտ են անում, ամուսնացյալ քահանաները՝ նույնպես․ կարող են, օրինակ, շնանալ ու հավատարմության ուխտը խախտել, բայց իջման սուրբ սեղանի առջև իրենք ուխտ են անում Աստծո, ոչ թե իշխանության հետ։

Նիկոլ Փաշինյանին եղբայր չհամարող քահանաների գրառումներից հետո էլ վարչապետը չի նահանջում և շարունակում է եղբայրություն պնդել. «Հարգելի Տեր հայրեր, ես հարցադրում չէի արել, ես արել էի պնդում և վերահաստատում եմ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր ամուսնացյալ քահանաներդ իմ եղբայրներն եք, ներառյալ բացասական հայտարարություններ անողներդ, որովհետև դուք չեք խաբում ոչ ժողովրդին, ոչ Աստծուն»։

Ըստ վարչապետի՝ ամուսնացյալ քահանաները իրենց վերադասի հրահանգով ու պարտադրանքով են վիճարկում իր հայտարարությունը։

«Երանի իմ առաջնորդը ձերբակալված չլիներ ու ինձ հրահանգ տար», - ասաց Շիրակի թեմի Մարալիկի հովվության քահանան, - «Որբացած վիճակում ենք, և ոչ ոք մեզ հրահանգ չի տվել։ Մենք արել ենք մեր խղճի թելադրանքով, սրտի ցանկությամբ»:

«Առաջնորդարան եմ գնում, ման եմ գալիս, չկա», – այսպես է նկարագրում թեմի առաջնորդի բացակայությունը Տեր Տիգրանը։

Միքայել սրբազանը երկու ամսով կալանավորված է։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը բացառում է, որ Մայր Աթոռի հարյուրավոր քահանաներից որևէ մեկը կմիանա Հայաստանի վարչապետին ու կփորձի Վեհարանը ազատել Վեհափառից։

Եկեղեցական կարգուկանոնին, հայրապետի հրահանգներին անվերապահ հնազանդ լինելը նույնպես ուխտ է, որին պիտի ենթարկվեն հոգևորականները։ Իսկ եթե պարզվի՝ կան անհնազանդներ, այսինքն՝ Փաշինյանին միացողներ, ըստ եպիսկոպոսի՝ կարգապահական հանձնախումբը կզբաղվի։ Եվ սա, շեշտում է, բոլորովին էլ պայքար չէ ընդդեմ իշխանության։



XS
SM
MD
LG