Մատչելիության հղումներ

Բելգրադում ցուցարարները բարիկադներ են դրել և պահանջում են ազատել ձերբակալվածներին


Հազարավոր ցուցարարներ հունիսի 30-ի վաղ առավոտյան փողոցներ են փակել Սերբիայի մի քանի քաղաքներում՝ պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված համախոհներին:

Ուսանողների գլխավորած հակակառավարական ցույցերի մասնակիցները մետաղյա ցանկապատեր և աղբամաններ են տեղադրել մայրաքաղաք Բելգրադում և արգելափակել քաղաքի կարևոր նշանակություն ունեցող Գազել կամուրջը, որը կապում է Սավա գետի երկու ափերը։

Լրատվական գործակալությունները հայտնում են, որ հյուսիսային Նովի Սադ քաղաքում, որտեղ ութ ամիս առաջ սկսվել էր հակակառավարական գործողությունների ընթացիկ փուլը, ցուցարարները պաշարել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած իշխող Սերբական առաջադիմական կուսակցության գրասենյակները և ձվեր նետել շենքի վրա։ Ուսանողների տվյալներով՝ մայրաքաղաքում բարիկադներ են տեղադրվել 30 կետերում, իսկ նմանատիպ գործողություններ իրականացվում են առնվազն ևս 22 սերբական քաղաքներում։

Հունիսի 28-ին Բելգրադում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքի ընթացքում ոստիկանության կողմից ցուցարարների ձերբակալություններից հետո ուսանողների նախաձեռնած ցույցերն ուժգնացել են։

Դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվածները մինչև 48 ժամ կպահվեն կալանքի տակ՝ զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանության նկատմամբ բռնություն գործադրելու և հարձակվելու մեղադրանքով։ Ցույցին մասնակցել է մոտ 140,000 մարդ։

Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է 77 մարդու, որոնցից առնվազն 38-ը շարունակում էին մնալ կալանքի տակ հունիսի 29-ի դրությամբ։

XS
SM
MD
LG