Մատչելիության հղումներ

Դատախազությունը դիմել է ԱԺ՝ Արթուր Սարգսյանին կալանավորելու համաձայնություն ստանալու համար


Ազգային ժողովի նիստ, արխիվ
Ազգային ժողովի նիստ, արխիվ

Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու, նրան կալանավորելու համաձայնություն ստանալու համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավորին մեղադրանք են առաջադրելու ահաբեկչություն նախապատրաստելու ու իշխանությունը յուրացնելու հոդվածներով: Ըստ Գլխավոր դատախազության միջնորդագրի՝ պատգամավորը Բագրատ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանն ու հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն:

Ընդդիմադիր պատգամավորը Բագրատ Սրբազանի շարժման ակտիվ մասնակիցներից է: Ըստ միջնորդության՝ պատգամավորը համախոհների միջոցով հավաքագրել է հարվածային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի մարդկանց:

Գլխավոր դատախազի միջնոդագրում սղագրել են Բագրատ Սրբազանի, պատգամավոր Արթուր Սարգսյանի ու համախոհների հետ զրույցների գաղտնալսումները, որոնց ընթացքում պատգամավորը խոսում է իրենց պայքարին մարդկանց մասնակցությունն ապահովելու մասին: Ըստ սղագրության՝ կարևորում է, որ խմբերում լինեն գործողությունների պատրաստ մարդիկ: Նշվում են ճանապարհները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու մասին: Շենքեր մտնելու մասին էլ են խոսում, բայց սղագրությունները կիսատ են ու հստակ չէ՝ ինչ շենքերի մասին:

«Սրբազանն իմ եղբայրն է, ես առանց թաքցնելու ասեմ, որ էս մեկ տարվա ընթացքում 24 ժամ իր հետ եմ եղել պայքարի ամբողջ ընթացքում: Մեր պայքարը, որը մայիսի 9-ին տեսել եք փողոցում, սահմանադրական կարգով օրենքով այս իշխանությանը հեռացնել ու ունենալ հայրենիք, արժանապատվություն», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Սարգսյանի հարցով քննարկումը դեռ չի սկսվել ու Գլխավոր դատախազության միջնորդության մասին պատգամավորը դեռ չի խոսել: Բայց մինչ այդ, երբ կալանավորվեցին շարժման առաջնորդը, համախոհներին ու իրավապահները խուզարկում էին նրանց բնակարանները, պատգամավորը այս գործը շինծու էր որակել ու ասել էր, թե կալանքից չի վախենում:

Ընդդիմադիր պատգամավորի տունն էլ էին խուզարկել ու ըստ նրա՝ իր երեխաների հեռախոսն ու պլանշետը տարել: Նա պնդում է, թե իրենց պայքարը օրենքի շրջանակում է եղել և իշխանությունը վախից է կալանավորում ընդդիմադիրներին:

«Ձայնագրություններ կարան սարքեն, հրապարակեն, ամեն ինչ կարող են անել, փաստն այն է, որ պլանավորում չի եղել, ինչ որ արել ենք, տեսել եք՝ փողոցային անհնազանդության ակցիաներ, որն արել ենք, մի տարի է անում ենք ու շարունակական գնում է: Նրանք հասկացել են, որ այս ամեն ինչը ձնագնդի պես կարա մեծանա և խնդիր առաջանա, փորձում են իրենց կեղծ օրակարգով, օրենքի բացակայության ինչ ուզում են, անում են», - ասաց Սարգսյանը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG