Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա, և պատրաստ ենք խորացնելու մեր գործընկերությունը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ԵՄ բարձր հանձնակատար Կայա Կալլասը։
Արարատ Միրզոյանը համաձայնեց Կալլասի այս հայտարարության հետ՝ հավելելով, որ մեկնարկել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցությունը։
Կալլասը և Միրզոյանը ասուլիսին նախորդած հանդիպմանը, ինչպես հայտնեցին, քննարկել են նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:
«Ոգևորված ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացով», - ասաց նա, - «Մենք աջակցում ենք երկու երկրների միջև կարգավորմանը՝ հիմք ընդունելով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն և սահմանների անխախտելիության սկզբունքները, այլընտրանք չկա այս սկզբունքներին»:
Ըստ նրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող է ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար։
Արտգործնախարար Միզոյանն, իր հերթին, վերահաստատեց Երևանի պատրաստակամությունը՝ Բաքվի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիրը:
Կայա Կալլասը երկօրյա այցով է Հայաստանում։ Մինչ այդ նա մեկնել էր Բաքու, գովաբանել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները։