Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երկու օր անց չի արձագանքել «Քարնեգի» հիմնադրամի հրապարակմանը, որի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի հարցով առաջարկ է ներկայացրել: Խոսքը ճանապարհի կառավարումը օտարերկրյա, մասնավոր ընկերությանը պատվիրակելու մասին է։
Համաձայն «Քարնեգի»-ի հրապարակման՝ «Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում»:
Բաքուն ևս լռություն է պահպանում:
«Չեմ կարող մանրամասներ հայտնել էս թեմայի կապակցությամբ, կարծում եմ՝ Արտաքին գործերի նախարարությունը ըստ անհրաժեշտության պարզաբանումներ կտա այս հրապարակման հետ կապված», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վահագն Ալեքսանյանը:
«Բայց առաջարկները եղել են», - այս դիտարկմանն էլ իշխանական պատգամավորն արձագանքեց. - «Չեմ կարող ասել, Արտաքին գործերի նախարարությունը այս թեմայով ըստ անհրաժեշտության պարզաբանումներ կտա»:
Բայց թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ հայաստանցի մյուս պաշտոնյաները մինչև այս պահը նաև չեն հերքել այդ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները: ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը զերծ մնաց պարզաբանումներից:
Ամերիկյան առաջարկի մասին գրած «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը հղում էր արել օտարերկրյա երկու դիվանագետների։
Միաժամանակ, բազմաթիվ հարցեր են բաց մնում. ի՞նչ է ենթադրում Վաշինգտոնի առաջարկը՝ մասնավոր ընկերությունը միայն Հայաստանի՞, թե՞ նաև Ադրբեջանի տարածքում կկառավարի երթուղին: Ի՞նչ գործառույթներ կունենա՝ անվտանգության ապահովմա՞ն, թե՞ նաև մաքսային ստուգումների լիազորությամբ: Եվ ամենակարևորը՝ ի՞նչ տեսակետ ունի Երևանն ամերիկյան առաջարկի վերաբերյալ: Արդյոք ծանոթացել են նաև Բաքվի դիրքորոշմանը՝ դե՞մ, թե՞ կողմ է: Նաև այս հարցերն է «Ազատություն»-ն այսօր ուղղել Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցին, բայց պատասխան մինչև այս պահը չի ստացել:
Նախկինում Երևանը խոսել է թե՛ պարզեցված ընթացակարգերի իր առաջարկից, թե՛ ճանապարհներին լիցենզավորված մասնավոր պահնորդական ընկերության գաղափարից, միևնույն ժամանակ՝ շեշտել, թե ինքնիշխանության սկզբունքը պետք է պահպանվի: Բաքվից դրական արձագանք չի եղել:
«Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը «Քարնեգի»-ի հրապարակումը արժանահավատ է համարում. - «Բացառում եմ, որ նման բան ընդհանրապես չկա, և նման տեղեկույթ կարող էր հայտնվել «Քարնեգի»-ի հրապարակման մեջ, մանավանդ՝ ես նաև երկար տարիներ ճանաչում եմ հեղինակին»:
«Ազատության» հետ զրույցում Պողոսյանը նկատեց՝ գաղափարը նոր չէ, երբ հայ - ադրբեջանական բանակցություններում միջնորդ էր Եվրամիությունը, կողմերին նման առաջարկ եղել է: Բայց վերլուծաբանը կասկածում է, որ Ադրբեջանը կհրաժարվի իր առավելապաշտական ձգտումներից:
«Ադրբեջանը փաստացի պահանջում է արտատարածքային միջանցք՝ զրո վերահսկողություն, զրո ստուգումներ, և այլն, եթե այդ ճանապարհը բացվի ոչ թե հիմա, այլ մի քանի տարի անց, չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանից սարսափելի ծանր հարված կստանա: Եթե խնդիրը նա է, որ ադրբեջանցիները չեն ցանկանա մերժել ամերիկացիներին՝ վախենալով անկանխատեսելի Թրամփի զայրույթից, ապա բոլորս էլ գիտենք, որ շատ տարատեսակ հնարավորություններ կան՝ ֆորմալ ձևով ասել՝ «այո, սկզբունքորեն համաձայն եմ», իսկ հետո գործը մտցնել դետալների և շարունակել այնքան, մինչև Թրամփի ժամկետը 2029 թվականի հունվարին կավարտվի», - ասաց Պողոսյանը՝ շարունակելով. - «Ես մի փոքր քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանը կհամաձայնի ցանկացած լուծման, որը արտատարածքային միջանցք չի լինի: Ես չգիտեմ ամերիկացիներն ինչ են առաջարկել, բայց բանականությունը հուշում է, որ դժվար թե ամերիկացիները Ադրբեջանին տրամադրեն փաստացի արտատարածքային միջանցք, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո»:
Մինչ պաշտոնական պատասխան չկա, այլ հարցեր ևս բաց են մնում, օրինակ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» դեմ արտահայտվող ու ԱՄՆ-ի հետ խիստ լարված հարաբերություններ ունեցող Թեհրանի դիրքորոշումը, նաև՝ այդ միջանցքի հարցում Ադրբեջանին պաշտպանող Անկարայինը:
Թե ե՞րբ ու ո՞ւմ միջոցով է Վաշինգտոնը Երևանին ու Բաքվին փոխանցել ենթադրյալ պլանը, որի գոյությունը կողմերը չեն հերքել, «Քարնեգի»-ի հրապարակման մեջ նշված չէ: Հոդվածի հեղինակը «Ազատության» հետ զրույցում փակագծեր է բացել, թե վարչակազմը մայիսի վերջին Երևան և Բաքու այցելած ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոշուա Հաքի միջոցով է փոխանցել: Ամերիկացի պաշտոնյան Երևանում հանդիպել էր Անվտանգության խորհրդի քարտուղարին ու արտգործնախարարին, բայց ոչ՝ վարչապետին:
«Կարծում եմ, որ պաշտոնական առաջարկն արդեն կարելի է քնարկել, քանի որ այն արդեն արվել է կողմերին: Եղել է Պետդեպարտամենտի ներկայացուցչի այցը Երևան և Բաքու, և ինչպես ես եմ հասկանում, այս դիվանագիտական ժեստը նաև ունի իր շարունակությունը: Գիտեք ինչպես են ընթանում բանակցությունները՝ եե ինչ-որ մեկը ինչ-որ բան է առաջարկում, դա չի նշանակում, որ այն արդեն վերջնական արդյունք է, և որ այդպես էլ կլինի: Ես խոսում եմ այն մասին, որ կան զանազան տարբերակներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը:
Ըստ վարչապետի գրասենյակի պաշտոնական հրապարակումների, ամերիկացի դիվանագետի այցին հաջորդած օրերին Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ հեռախոսազանգերի մեջ է եղել տարածաշրջանի առնվազն երեք երկրների ղեկավարների հետ: Պուտինի, Փեզեշքիանի, Էրդողանի հետ քննարկումների թեման նաև Հարավային Կովկասի խնդիրներն են եղել:
Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հրավերով աշխատանքային այցով Ստամբուլ գնաց:
Փաշինյան - Էրդողան բանակցության արդյունքում հայ - թուրքական գործընթացին վերաբերող որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չհաղորդվեց, փոխարենը կարմիր թելի նման անցնում էր ապաշրջափակման թեման: Պաշտոնապես միայն հաղորդվեց, որ քննարկվել է Փաշինյանի կառավարության առաջարկած ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Բայց ոչ այդ օրը, ոչ դրանից հետո Թուրքիայի նախագահի հստակ դիրքորոշման մասին տեղեկություններ չհայտնվեցին:
Էրդողանի հետ հանդիպումից առաջ վարչապետ Փաշինյանը ստամբուլահայերի հետ հանդիպմանը անդրադարձել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմային: Շեշտել էր կոմունիկացիաների բացման դեպքում երկրների ինքնիշխանության սկզբունքը, միաժամանակ զգուշացրել. - «Ես ասել եմ, մենք ասել ենք՝ «Զանգեզուրի միջանցք» չի ըլնելու, ըլնելու ա «Խաղաղության խաչմերուկ»: Գիտե՞ք, էդ էլ ա պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց՝ Ադրբեջանն էլ ասելու ա՝ «տեսեք, Զանգեզուրի միջանցքը բացվեց»:
Երևանն ու Բաքուն տարածաշրջանի ապաշրջափակման հարցը խաղաղության պայմանագրից առանձնացրին, գրեթե մեկ տարի անց, սակայն, որևէ շոշափելի արդյունք չկա, այս հարցով անգամ առանձին բանակցությունների մասին տեղեկություններ չկան: