Հանրային մուլտիպլեքսը չպետք է օգտագործվի օտարերկրյա քաղաքական օրակարգերի սպասարկման համար, հայտարարում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ):
«Հայաստանի տեղեկատվական տարածքը պետք է զերծ լինի ցանկացած օտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչ ներգործությունից, ներքին քաղաքական իրավիճակին միջամտելու փորձերից։ Մեր առաջնային պարտականությունն է պաշտպանել հանրային շահը, ազգային արժանապատվությունը և ՀՀ քաղաքացիների՝ հավասարակշռված ու արժանահավատ աղբյուրներից տեղեկատվություն ստանալու իրավունքը», - ասված է հայտարարությունում։
ՀՌՀ-ը, մասնավորապես, ընդգծել է՝ շարունակաբար արձանագրել է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ պարբերաբար խախտել և խախտում են թե՛ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը, նաև ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ:
2020-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվեցին «ՌՏՌ-Պլանետա», «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» և «ՌՏՌ-Կուլտուրա» հեռուստածրագրերը:
Ըստ հաղորդագրության՝ ՀՌՀ-ին շարունակում են հասցեագրվել բազմաթիվ բողոքներ, առաջարկներ, կարգավորող մարմնից պահանջում են թույլ չտալ Հայաստանի հանրային մեդիատարածքը վերածել ամենաթողության միջավայրի, որտեղ վիրավորանքը, ապատեղեկատվությունը, գռեհիկ բառապաշարը, բռնության արդարացումն ու մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը դառնում են նորմ ու բացասաբար են ազդում հանրային գիտակցության և վարմունքի վրա։
«Թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են այդ հեռուստաընկերությունների ուղերձները չեն կարող նպաստել նաև մեր երկու պետությունների հասարակությունների իրար ճանաչելու, հարգելու ու արժևորելու գործին։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պարբերաբար և հետևողականորեն դիմել է ՀՀ Կառավարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն՝ ներկայացնելով արձանագրված խախտումները», - ասված է հայտարարությունում։
ՀՌՀ-ը նշել է, որ ՌԴ այդ երկու հեռուստաալիքները շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքի ու ատելության համար։