Մատչելիության հղումներ

Խորհրդարանը քննարկում է գլխավոր դատախազի միջնորդագրերը


Ազգային ժողովն այսօր քննարկում է գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերը:

Առաջինը քննարկվեց ընդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը:

Մինչ Աննա Վարդապետյանը կներկայացներ միջնորդագիրը, «Հայաստան» խմբակցությունից հայտարարեցին, որ չեն մասնակցելու քննարկմանը, քանի որ նիստին ներկա չէ ինքը՝ Օհանյանը:

Հետո ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարեց, որ իրենք էլ այս հարցի քննարկմանը չեն մասնակցի:

Գլխավոր դատախազը միջնորդագիրը ներկայացնելուց հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Հարցեր նրան ուղղում էին իշխանականները:

Աննա Վարդապետանը մոտ մեկ ամիս առաջ էր դիմել Ազգային ժողովին՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու նույն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար:

Գլխավոր դատախազը պնդում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը: Արծվիկ Մինասյանն էլ, ըստ Դատախազության, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով:

Այս գործը հարուցվել է դեռևս 2017 թվականին, իսկ 2018 ից հետո մի շարք այլ քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ կրկին Դրախտիկի շինության թեմայով, և միացվել այս գործին։

Ըստ դատախազի միջնորդագրում նշված ցուցմունքների՝ Սեյրան Օհանյանն ընդունել է, որ այդ հողատարածքում առանձնատան շինարարություն կատարել է սեփական միջոցներով, բայց չի ընդունում, որ սեփականատերը ինքն է։

Օհանյանի վերաբերյալ միջնորդագրի քննարկումն ավարտվեց, տևեց շատ կարճ՝ ընդամենը չորս հարց և մեկ ելույթ։

Այնուհետև Աննա Վարդապետյանը ներկայացրեց նույն գործով Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիրը:

Հարցի քննարկումն սկսելուն պես «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերադարձան դահլիճ:

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը խորհրդարանում քննարկվում է ԱԺ Կանոնակարգի խախտմամբ, քանի որ Աննա Վարդապետյանը միջնորդագիրը ներկայացրել է առողջական խնդրի պատճառով իր հարգելի բացակայության պայմաններում։ «Հուլիսի 1-ին ԱԺ նախագահին իմ կողմից ուղարկվել է գրություն՝ առ այն, որ չեմ կարող ներկա լինել ԱԺ արտահերթ նիստին, քանի որ հունիսի 27-ից վերականգնողական կենտրոնում ստանում եմ վերականգնողական բուժում, և այն դեռ ընթացքի մեջ է․ գրությանը կցվել է
բուժհաստատության տեղեկանքը», - ասված է «Հայաստան» խմբակցության ղեկավարի գրառման մեջ:

Այս նույն պնդումը խորհրդարանում արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, սակայն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, թե տվյալ ծանուցումը վերաբերել է այն ստանալուց հետո գումարված նիստին, իսկ այսօրվա նիստի վերաբերյալ ինքը որևէ ծանուցում չի ստացել, որ Սեյրան Օհանյանի բացակայությունը հարգելի համարեր։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG