Մինչ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել Աջապահյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք էր ընթանում ու նրա համար աղոթք էր հնչում, քիչ հեռում՝ Գյումրիի դրամատիկական թատրոնում վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցում էր «Կրթությունը նորաձև է» արշավի հերթական հանդիպմանը:
Մի խումբ ակտիվիստներ թեև երեկվանից մտադրություն ունեին բողոքի ակցիա անցկացնել Թատերական հրապարակում Միքայել սրբազանին ազատ արձակելու պահանջով, բայց այսօր մտափոխվեցին՝ խուսափելով հնարավոր լարվածությունից:
Արդյոք վարչապետը երեք ժամ տևած փակ հանդիպման ընթացքում անդրադարձե՞լ է հոգևորականների հետ իր առճակատմանը կամ նրանց քրեական գործերին՝ Շիրակի թեմի առաջնորդի կալանավորումից մեկ շաբաթ անց այցելելով Գյումրի:
Միքայել Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչերի, Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանը ահաբեկչության ու իշխանության յուրացման փորձի հոդվածներով, երկուսն էլ մեղադրանքը շինծու են համարում, նրանց փաստաբանները սա քաղաքական հետապնդում են համարում:
Մասնակիցներից «Օրագիր» կայքի թղթակից Անահիտ Ղազարենցը պատմեց՝ որքան էլ տարօրինակ էր՝ այդ հարցը չհնչեց: Ինքն էր այդ հարցը տալու, բայց իրեն հերթ չի հասել:
Մեկ այլ լրագրողի՝ Հրաչ Սահակյանի համար այլ հարց էր հետաքրքրում, բայց նրան ևս հերթ չի հասել:
Անահիտ Ղազարենցը նշեց՝ դահլիճում հիմնականում պետական կառույցների աշխատակիցներ էին:
Բանախոսությունից հետո Գյումրիից հեռացող վարչապետը չպատասխանեց հարցերի, թե՝ «3 ժամ խոսել եմ»:
Իսկ դրամատիկական թատրոնից դուրս եկողների մեծ մասը պետական, առողջապահական ու կրթական հաստատությունների աշխատակիցներ էին՝ մարզպետարանից, համայնքապետարաններից: Աշխատանքային ժամին ինչո՞ւ են գործը թողել ու վարչապետի հետ հանդիպման եկել, հարցրինք տարբեր պաշտոնյաների:
«Ինչպես ձեզ համար է աշխատանքային ժամ, այնպես էլ մեզ համար, դուք որտեղ ուզենաք շարժվել, մենք էլ, մենք ազատ ենք», - ասաց նրանցից մեկը:
Ոմանք էլ պնդեցին, թե մեկ օրով չվճարվող արձակուրդ են վերցրել:
Արդյոք այս հանդիպումներին վարչական ռեսուրս է չարաշահվո՞ւմ. - «Լինելով ներկայացուցիչ, կազմ ակերպիչ, կարող եմ փաստել, որ վարչական ռեսուրս չի կիրառվել, որովհետև մարդիկ գրանցվել են ինքնակամ, եկել են ինքնակամ»:
Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի բանախոսության ընթացքում տարածքը ոստիկանական խիստ հսկողության տակ էր: «Կրթվելը նորաձև» է արշավի հեղինակը վարչապետի տիկնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամն է: Բայց վերջերս հայտնի դարձավ, որ Փաշինյանի մասնակցությամբ կրթարշավների համար վճարում են հարկատուները: