«Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։
«Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ և չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնար», - նշել է Պեսկովը։
Նրա խոսքով, այս պահին երկկողմ հարաբերություններում ծագած ճգնաժամի քննարկում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նախատեսված չէ։
«Տվյալ պահին օրակարգում նման հարց չկա։ Մյուս կողմից սակայն, եթե դրա կարիքը զգացվի, այն կարող է կայանալ ամենասեղմ ժամկետներում», - նշել է Պեսկովը։
Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ Բաքուն չեղարկել է պատգամավորների այցը Մոսկվա: Մինչ այդ էլ արտգործնախարարությունը բողոքի նոտա էր փոխանցել Բաքվում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին։