Ռուս - ադրբեջանական դիվանագիտական ճգնաժամը շարունակում է խորանալ՝ աստիճանաբար դուրս գալով Եկատերինբուրգում իրավապահների կողմից ադրբեջանցիների սպանության շուրջ ծագած սկանդալի շրջանակներից։
Մի քանի ժամ առաջ ադրբեջանական իշխանամետ Мinval կայքը մեկ րոպեանոց մի տեսագրություն հրապարակեց՝ պնդելով, որ դրանում պատկերված է անցած տարվա դեկտեմբերին Չեչնիայի երկնքում «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի խոցման պահը։
Սրան զուգահեռ, Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն այսօր հաղորդեց, որ Բաքվում Ռուսաստանի քաղաքացիներից կազմված հանցախումբ է ձերբակալվել, որի անդամները կասկածվում են «Իրանից թմրանյութերի տարանցման, համացանցի միջոցով թմրանյութերի տարածման և կիբերխարդախության մեջ»։
Ադրբեջանական ոստիկանության տարածած տեսագրության մեջ, ի դեպ, ձերբակալվածների դեմքին բռնության ակնհայտ հետքեր են երևում։ Այս մի գործողությունն, ինչպես նաև ռուսաստանյան պետական Russia Today գործակալության կազմում գործող «Սպուտնիկ-Ազերբայջան» կայքի երկու լրագրողների՝ երկուշաբթի օրը տեղի ունեցած ձերբակալությունը Բաքվի հայելային պատասխանն են Եկատերինբուրգի իրադարձություններին։ Հիշեցնենք՝ հունիսի 27-ին այստեղ մոտ հինգ տասնյակ տեղացի ադրբեջանցիներ էին ձերբակալվել, մեծամասամբ՝ Ռուսաստանի քաղաքացիներ։ Ժամեր անց ռուսաստանցի իրավապահները հաղորդել էին ձերբակալվածներից երկուսի՝ Զիյադին և Հուսեյն Սաֆարովների մահվան մասին՝ համապատասխանաբար սրտային անբավարարության և թոքային էմբոլիայի հետևանքով։
Այսօր արդեն Աղջաբեդիի շրջանի գյուղերից մեկում վերջին հրաժեշտն էին տալիս Սաֆարով եղբայրներին, իսկ Բաքվում Ադրբեջանի գլխավոր դատաբժիշկ Ադալյաթ Հասանովը հայտարարում էր՝ նրանց մահվան ռուսական վարկածը չի հաստատվում։
«Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքում զոհված ադրբեջանցիների մարմինների փորձաքննության ընթացքում ներքին արյունահոսության բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել։ Խոսքը նաև ներգանգային արնազեղումների, կրծքավանդակի դեֆորմացման մասին է, զոհերից մեկի կողոսկրը ընդհանրապես չի հայտնաբերվել», - նշում էր Հասանովը։
Ադրբեջանում վստահ են՝ Ռուսաստանը իր տարածքում ապրող ադրբեջանցիների դեմ ճնշումներով փորձում է ինչ-ինչ ուղերձներ հղել Բաքվին, որոնց նպատակը, ինչպես իշխանամետ քաղաքագետներն են նշում, Ադրբեջանի անկախ արտաքին քաղաքականության սրբագրումն է։
«Ես կարծում եմ, որ ադրբեջանցիներին ճնշելու հրամանը տրվել է Կրեմլի աշտարակներից մեկից։ Հակառակ դեպքում նման աղաղակող պնդումներ չէին հնչի, թե բերման ենթարկվածներից երկուսը սրտի հետ կապված խնդիրներից են մահացել, երեքն էլ հայտնվել են վերակենդանացման բաժնում։ Եվ այս ամենի ֆոնին Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարում է, թե սա զուտ իրավապահներին վերաբերող հարց է, և այն չպետք է անդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։ Իսկ եթե Ադրբեջանում ռուսների հետ նույն բանը տեղի ունենար, Պեսկովն ի՞նչ էր երգելու», - ռուսական ընդդիմադիր «Դոժդ» ալիքի եթերում նշում էր Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը։
Իշխանական Baku TV հեռուստաընկերության եթերում ավելի հեռուն գնացին՝ պնդելով, որ Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների դեմ հարձակումներն իրականացվում են անձամբ նախագահ Պուտինի հրամանով։ Հաղորդավար Էլչին Ալիբեյլին նույնիսկ հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահի մոտ հիստերիկ դրսևորումներ են։
«Եթե սկսել ենք անկեղծորեն խոսել, հարկավոր է նշել՝ այս 25 տարվա ընթացքում բոլորն էլ հասկացել են, թե ով է իրականում Պուտինը։ Այս բոլոր դաժանությունները նրա համար նորմալ երևույթ են։ Նա հիստերիայի մեջ է, որովհետև պարտվել է բոլոր ճակատներում», - ասում էր ադրբեջանցի լրագրողը։
Բայց չնայած քննադատության ու վիրավորանքների այս տարափին՝ ռուսական կողմի արձագանքը շատ զուսպ է։
«Սա հուզական, չափազանց հուզական արձագանք է, և մենք հուսով ենք, որ դրան փոխարինելու կգա ուղղակի շփումը, որի ընթացքում կտրվեն բոլոր առկա հարցերի պատասխանները», - այսօր լրագրողների հետ զրույցում նշում էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Բաքվի և Մոսկվայի ուղիղ շփումների միակ դրսևորումն առայժմ Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի այցն էր Ռուսաստանի ԱԳՆ։ Նա ռուսական կողմի պահանջով նախարարություն ներկայացավ այսօր առավոտյան։ Նրան այստեղ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին ազատ արձակելու բանավոր պահանջ է ներկայացվել։ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը, հակառակը, այդ նույն հանդիպման ընթացքում ռուսական կողմին ծավալուն գրավոր մի բողոք է փոխանցել՝ պահանջելով չխառնվել Ադրբեջանի ներքին գործերին, դադարեցնել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ադրբեջանցիների դեմ ճնշումները և պատժել Եկատերինբուրգի միջադեպի մեղավորներին։