Մատչելիության հղումներ

Վանաձորի պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները՝ պետգնումների ակտիվ մասնակիցներ


Մինչ Վանաձորի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը տնային կալանքի տակ է, դատարանը քննել ու նրա հիմնադրած «Շինէքսպրտ» ընկերությունը պետական գնումներին մասնակցողների սև ցուցակից հանելու վճիռ է կայացրել:

Համայնքային պաշտոնյայի՝ կաշառքի գործով կալանքից հետո Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարն էր նրա ընկերությունը սև ցուցակ գցելու որոշում կայացրել: Պատճառաբանել էր, թե ընկերության լիցենզիաները չեն համապատասխանում Կառավարության սահմանած պահանջներին:

Կառավարությունն ընկերությունների լիցենզավորման կարգը հաստատել է 2023-ի նոյեմբերին: Թե ինչպես էր համայնքապետարանի պաշտոնյայի հիմնադրած ընկերությունը մեկ տարի շարունակ տասնյակ միլիոնավոր դրամների մրցույթներ շահել Կառավարության պահանջներին չհամապատասխանող լիցենզիայով, համայնքը ղեկավարող Արկադի Փելեշյանն իր որոշման մեջ չի բացատրել: Բայց իր ենթակայի կալանքից հետո որոշել էր նրա հետ սերտ առնչություն ունեցող ընկերությանն այլևս արգելել մասնակցելու պետական, այդ թվում՝ Վանաձորի համայնքապետարանի մրցույթներին:

Արգելել, բայց «Շինէքսպրտ»-ի բողոքը քննելու դատական նիստերին համայնքապետարանից չէին ներկայացել: Դատական վճռի մեջ նշված է, որ անգամ գրավոր պատասխան չեն ներկայացրել դատարան, ու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը չի պաշտպանել իր իսկ կայացրած որոշումը, որտեղ հղում էր արել օրենքներին ու Կառավարության որոշումներին, նշել, որ «Շինէքսպրտ»-ի լիցենզիան չի համապատասխանում դրանց:

Դատարանն էլ, հիմք ընդունելով, որ «Շինէքսպրտ»-ի հայցին հակադարձողներ չեն եղել, հօգուտ ընկերության որոշում է կայացրել ու անվավեր ճանաչել նրան ընկերությունների սև ցուցակում ներառելու՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի որոշումը:

Այժմ ընկերությունը վերականգնել է պետական գնումներին մասնակցելու իր իրավունքն ու, ըստ էության, օրենքներին հակասող լիցենզիայով շարունակում է մասնակցել մրցույթներին:

«Ազատություն»-ն ավելի վաղ անդրադարձել էր, որ տարիներ շարունակ Վանաձորի համայնքային ծրագրերով իրականացվող շինարարությունների նախագծման իրավունքը գրեթե առանց բացառության ստացել է «Շինէքսպրտ» ընկերությունը, որի հիմնադիրը միաժամանակ ղեկավարել է քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժինը:

Լոռու մարզպետարանի ու Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները տարեցտարի բաժանում են մրցույթային տասնյակ միլիոնները՝ գրեթե առանց լուրջ մրցակցության:

Վանաձորում պետական գնումների մասնակիցների ցանկում Լոռու մարզպետի խորհրդական Նարեկ Թովմասյանին պատկանող «Գեոքարտ» ընկերությունն է: Թովմասյանն անցած տարվա հոկտեմբերին է նշանակվել այս պաշտոնին: Նախագծային աշխատանքներով զբաղվող նրա ընկերությունն այս տարի միայն Վանաձորի համայնքապետարանի հետ արդեն 20 միլիոն դրամի պայմանագիր է կնքել:

2020-ից սկսած՝ ընկերությունը պետական գնումներին մասնակցել ու պայմանագրեր էր կնքել նաև մարզի մյուս համայնքների և Տավուշի ու Գեղարքունիքի մարզպետարանների հետ:

Պետական գնումների մրցույթների ցանկերում նաև Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Լևոն Հախինյանի ընտանիքին պատկանող ընկերության՝ «Ղարաքիլիսա»-ի անունն է: Պետռեգիստրի տվյալներով՝ այս ընկերության միանձնյա սեփականատերը Էմիլյա Գրիգորյանն է, ով Լոռու մարզում քաղաքաշինական ծրագրերի վերահսկողություն իրականացնող կառույցի՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության բաժնի պետի մայրն է: Ավելի վաղ՝ մինչև 2020 թվականը, Լևոն Հախինյանն աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում: «Ղարաքիլիսա» ընկերության էջում տեղադրված հեռախոսահամարին հենց մարզպետարանի գլխավոր մասնագետ Լևոն Հախինյանը պատասխանեց:

«Արդյո՞ք այստեղ շահերի բախում չեք տեսնում», - «Ազատության» այս հարցին Հախինյանն արձագանքեց. - «Կազմակերպությունը հիմնադրվել ա դեռ էն ժամանակ, երբ որ ես դպրոցական եմ էղել, էդ կազմակերպությունը պատկանել է և շարունակում ա պատկանել իմ ընտանիքին, ես իմ ընտանիքի երրորդ սերնդի ճարտարապետն եմ: Իսկ շահերի բախում ըտեղ որևէ անգամ չի էղել, որովհետև երբ որ ես եմ էղել, ինչ-որ, հանձնաժողովի անդամ, և էդ ժամանակ էդ կազմակերպությունը չի մասնակցել որևէ մրցույթի»:

Օրերս Վանաձորում պետական գնումներին պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների ակտիվ մասնակցության մասին հոդված էր հրապարակել նաև «Ինֆոքոմ» լրատվական կայքը: Հետաքննող լրագրողը պարզել էր, որ Վանաձորի համայնքապետարանը 2021-2025 թվականներին 188․5 միլիոն դրամի գնման պայմանագիր է կնքել համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Միհրան Պառավյանի հորը պատկանող ընկերության հետ: Խոսքը «Պագամի» ընկերության մասին է, որ Վանաձորում սանմաքրում իրականացնող 5 ամենաակտիվ ընկերություններից մեկն է, որն, ըստ լրատվական կայքի, վերջին 4 տարիներին 16 մրցույթի է մասնակցել ու 14-ում հաղթել: «Պագամի» ընկերության սեփականատերը՝ Գրիշա Պառավյանը, ավելի վաղ համատիրությունների բաժնի պետի պաշտոնն է զբաղեցրել Վանաձորի համայնքապետարանում: Նրա ազգականը՝ Կարեն Պառավյանն էլ մինչև 2021-ը կոմունալ տնտեսության բաժնի պետն էր:

«Ինֆոքոմ»-ն իր հրապարակման մեջ անդրադարձել է նաև Վանաձորի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամի՝ Գևորգ Հարությունյանին պատկանող «Ռիգ» ընկերությանը, որ ևս ակտիվորեն պայմանագրեր է կնքում Վանաձորի համայնքապետարանի հետ:


XS
SM
MD
LG