Ահաբեկչություն նախապատրաստելու, իշխանությունը զավթելու քրեական գործով Գլխավոր դատախազը միջնորդել է, որ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանին էլ մեղադրանք առաջադրեն ու կալանավորեն:
Միջնորդությունը կքննարկեն հաջորդ շաբաթ: Խորհրդարանի համաձայնության դեպքում «Հայաստան» խմբակցության պատգամավորին մեղադրանք են առաջադրելու ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու հոդվածներով: Ըստ Գլխավոր դատախազության միջնորդագրի՝ պատգամավորը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Սրբազան շարժման այլ անդամներ պլանավորել են ահաբեկչություն կատարել:
«Սրբազանն իմ եղբայրն է, ես առանց թաքցնելու ասեմ, որ էս մեկ տարվա ընթացքում 24 ժամ իր հետ եմ եղել պայքարի ամբողջ ընթացքում: Մեր պայքարը, որը մայիսի 9-ին տեսել եք փողոցում, սահմանադրական կարգով օրենքով այս իշխանությանը հեռացնել ու ունենալ հայրենիք, արժանապատվություն», - նշել է Սարգսյանը:
Ընդդիմադիր պատգամավորը միջնորդության մասին կարծիք չի հայտնել, հայտնի չէ՝ նիստին կմասնակցի, թե՝ ոչ: Քրեական գործը շինծու է որակել տասն օր առաջ, երբ իրավապահները խուզարկում էին նրա տունը, այդ օրը կալանավորեցին շարժման առաջնորդին ու ևս 14 համախոհի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խուզարկություններ ընդդիմադիրների տներում, տասնյակ բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ«Ձայնագրություններ կարան սարքեն, հրապարակեն, ամեն ինչ կարող են անել, փաստն այն է, որ պլանավորում չի եղել, ինչ որ արել ենք, տեսել եք՝ փողոցային անհնազանդության ակցիաներ, որն արել ենք, մի տարի է անում ենք ու շարունակական գնում է: Նրանք հասկացել են, որ այս ամեն ինչը ձնագնդի պես կարա մեծանա և խնդիր առաջանա, փորձում են իրենց կեղծ օրակարգով, օրենքի բացակայության ինչ ուզում են, անում են», - ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Արթուր Սարգսյանը «Սրբազան պայքար» շարժման ակտիվ մասնակիցներից է ու միացել էր սկզբից՝ Տավուշից: Ըստ գլխավոր դատախազի միջնորդության՝ պատգամավորը շարժման մասնակիցների համախոհների միջոցով հավաքագրել է մարդկանց, որ ընդգրկեն հարվածային խմբերում: Գլխավոր դատախազի միջնորդագրում Բագրատ սրբազանի, Արթուր Սարգսյանի ու այլ մասնակիցների գաղտնալսված հեռախոսազրույցների սղագրություններն են:
Դատախազության միջնորդագրում ներկայացրած զրույցներում պատգամավորը խոսում է շարժման գործողություններին մարդկանց ընդգրկելու մասին: Իսկ գործողություններն, ըստ սղագրության, ճանապարհները, մայրուղիները փակելու, երթևեկությունը կաթվածահար անելու, խուլիգանություններով աժիոտաժ ստեղծելու թեմայով են: Արթուր Սարգսյանի զրույցները հիմնականում նվիրյալներ գտնելու ջանքերի մասին են, որ պատրաստ լինեն կանգնել մինչև վերջ:
Պատգամավորը օրեր առաջ ասել էր, թե վստահ է՝ իրեն էլ կկալանավորեն ու չի վախենում, պայքարը շարունակելու է. - «Վստահ ասում եմ, որ կարող է ինձ կալանավորեն, դրան պատրաստ եմ»:
Շենքեր մտնելու մասին էլ խոսակցություններ կան սղագրություններում, բայց նշված չեն՝ ինչ շենքերի մասին է խոսքը: Դատախազության ներկայացրած ապացույցները՝ այդ գաղտնալսված զրույցները կիսատ են, մտքերը ավարտված չեն և անընդհատ փաստաթղթում էլ նշվում է, որ խոսակցության կեսը լսելի չէ:
Ըստ դատախազության՝ սրբազան պայքարի առաջնորդն ու համախոհները 2024 թվականի նոյեմբերից են մտադրվել իրագործել իրենց ծրագիրը և իշխանությունը զավթելու, ահաբեկչություն կատարելու համար միջոցներ են ձեռք բերել: Ըստ այդ միջնորդագրի՝ 2024-ի օգոստոսին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր կեցավայրում հանդիպել է համախոհներին, Արթուր Սարգսյանին ու ասել, թե ամսի 13-ին, 14-ին մտադիր է անցնել ինտենսիվ գործողությունների: Վստահ է՝ հաղթելու է:
77 էջանոց միջնորդագրում խոսակցությունը կազմակերպչական հարցերի ու քայլերի հաջորդականության սցենարի մասին է: Զրույցների ժամանակագրությունը ներկայացված է 2024-ի նոյեմբերից մինչև այս տարվա մայիսը: Գլխավոր դատախազությունը պատգամավոր Սարգսյանին մեղադրում է հարվածային խմբերում 2000-ից ավելի մարդ հավաքագրելու համար: