Քաղաքացին դատի է տվել կառուցապատող ընկերությանը, վերջինս էլ՝ նրան և այլ բնակիչների

Արմեն Գրիգորյանը դատի է տվել կառուցապատող «Շինարտ Գրուպ» ընկերությանը, ասում է՝ բնակարանը խոստացված ժամկետից ավելի քան 1 տարի ուշ են հանձնել։

«Խաբեությունը, որը տեղի է ունեցել, ինձ բերեց այն մտքին, որ մենք մտնենք, դատարանով փորձենք ստանալ մեր բնակարանը և նախատեսված տույժ-տուգանքները», - «Ազատությանն» ասաց նա:

Գրիգորյանը պնդում է՝ բնակարանը գնելիս կառուցապատողը չի տեղեկացրել, որ արդեն դիմել է քաղաքապետարան՝ շենքի շահագործման ավարտի համար սահմանված ժամկետը մեկ տարով երկարացնելու նպատակով։

Ասում է՝ եթե չգնար շինհրապարակ՝ աշխատանքներին հետևելու համար, չէր էլ տեղեկանա. «2024թ. գնում եմ շինհրապարակ, հանդիպում եմ սեփականատեր Սամվել Մկրտչյանի հետ, և վերջինս իր աշխատողին ասում է՝ «ներկայացրու մեր գնորդին թուղթն այն մասին, որ մենք օրինական մեկ տարով երկարացրել ենք շինարարության թույլտվությունը»: Եվ ինձ են տալիս մի թուղթ, որով շինթույլտվության երկարացում մինչև 2024թ. հուլիս: Այդ թուղթը նրանք ստացել են 2023թ. մայիսի 16-ին՝ մեր հետ պայմանագիր կնքելուց 3 օր առաջ արդեն իմացել են, որ 2023թ. հուլիսին չեն ավարտելու միանշանակ, այլ առնվազն 2024թ. հուլիսին, բայց վերջնական ավարտել են 2024թ. սեպտեմբերին»:

Կառուցապատող «Շինարտ» ընկերությունից գրավոր պատասխանեցին «Ազատության» հարցերին։

«Պայմանագիրը կնքելիս ընկերության 2023 թ․ մայիսի 16-ի շինթույլտվությունը դեռևս պետական գրանցում չէր ստացել, այն 2023 թվականի հունիսի 2-ին է ստացվել: Ուստի, պայմանագրում չի նշվել, իսկ գործարքում այդ մասին չնշելը միտումնավոր չի եղել: Կազմակերպությունն իր գնորդներից որևէ մեկին առանձնահատուկ կարգով չի զգուշացնում քաղաքաշինական փաստաթղթերի կազմի և բովանդակության մասին, սա բաց տեղեկատվություն է և անհրաժեշտության դեպքում հնարավոր է իրավասու մարմիններից ստանալ», - նշել են ընկերությունից:

Գրիգորյանն ասում է՝ շատերից է լսել, որ նորակառույցներից բնակարաններ են գնել ու գլխացավանքի մեջ ընկել, այդ թվում՝ ժամկետների հետ կապված։ Որոշել է այդ խնդիրներից խուսափելու համար բնակարան գնել գրեթե պատրաստ համալիրից, բայց, ասաց, դա էլ չփրկեց։

«Շենքը արդեն 17-18 հարկ պատրաստ էր, մեր բնակարանն էլ 15-րդ հարկում էր: Մտածելով, որ շուտով կավարտվի, 21 հարկ պիտի լիներ, ասացին հուլիսի 4-ին՝ մի քանի ամիս կարող է հետաձգվել: Մենք դրան համաձայն էինք», - նկատեց նա:

Սովորաբար այսպիսի դեպքերում՝ հատկապես քաղաքային իշխանությունից, գնորդներին հիմնականում հորդորում են դատարան դիմել՝ նշելով, որ մարդիկ բնակարանը գնելիս պայմանագիր են կնքում ոչ թե քաղաքապետարանի, այլ կառուցապատողի (և հաճախ՝ բանկի) հետ, հետևաբար ծագած խնդիրներն իրար մեջ են։ Արմեն Գրիգորյանն այդպես էլ արել է՝ դատարանով է պահանջում իր բնակարանը՝ պայմանագրով նախատեսված տույժ-տուգանքների հետ միասին։ Բայց հիմա էլ նոր խնդրի առաջ է կանգնել, ասում է՝ ռիսկ կա, որ ո՛չ բնակարանը կարող է ստանալ, ո՛չ էլ ուշացման դիմաց փոխհատուցումը։

«Պատասխանող կողմի փաստաբանն ասաց, որ «3 տարի տանելու ենք, բերենք, ձգձգենք, բնակարան չես ստանալու, որ սենց չի ավարտվելու, արի, համաձայնվի, որ առանց տույժ-տուգանք դատարանից հայցդ ետ վերցրու, արի բնակարանդ, ստորագրի ավարտականդ, հանձնենք»», - շեշտեց քաղաքացին:

Կառուցապատող ընկերությունից փոխանցում են՝ 2024-ին են քաղաքապետարանից ստացել ավարտական ակտը։ Այնուհետև, ինչպես օրենքն է պահանջում, ներկայացրել են պետական գրանցման, իսկ գնորդներին տեղեկացրել են «Սեփականության իրավունքի փոխանցման» ակտ կնքելու անհրաժեշտության մասին, երբ Կադաստրի պետական կոմիտեից ստացել են դրա հաստատումը։ Ըստ ընկերության՝ շենքի շուրջ 85 տոկոսի հետ այդ գործընթացը շարունակվում է, սակայն մի խումբ գնորդներ չեն պատասխանել իրենց ծանուցմանը և ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել։

Արմեն Գրիգորյանը տարակուսած է, պարզվում է՝ կառուցապատողն էլ իր դեմ է հայց ներկայացրել՝ պահանջելով լուծարել պայմանագիրը և վերադարձնել վճարած գումարը։

«Շինարտ Գրուպ» ընկերությունից հաստատեցին, որ իրենք մի խումբ բնակիչների են դատի տվել, այդ թվում՝ Արմեն Գրիգորյանին։ Գրավոր պատասխանում նշել են՝ գնորդները ոչ թե բնակարան, այլ այն ձեռք բերելու իրավունքն են գնել, իսկ բնակարանները դեռ ընկերության սեփականությունն են։

«Ընկերությունը պատրաստակամ է ցանկացած խնդրի հանգուցալուծումը գտնել քննարկումների և բանակցությունների միջոցով։ Այս առաջարկը ներկայացվել է գնորդներին, բայց նրանք դա հարկ չեն համարել քննարկել։ Ուստի, ընկերությունը գնորդների դեմ հակընդդեմ հայցով դատարան է մտել ու պահանջում է լուծարել պայմանագիրը», - նշել է ընկերությունը։

Արմեն Գրիգորյանը տարակուսած է, ասում է՝ իրենց հայցի լրացումը դատարանը շատ արագ է մերժել, իսկ գործով նիստերը շարունակ ձգձգվում են: Հարցնում է՝ արդյոք կարող է օբյեկտիվ քննությսն հույս ունենալ: