Քելլոգը «օրուելյան» է անվանել Պեսկովի հայտարարությունը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը «օրուելյան» է անվանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունները՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերաբերյալ։

«Պեսկովի վերջին մեկնաբանությունները բանակցությունների ընթացքի մասին հնչում են ինչպես օրուելյան ճշմարտություններ։ Ռուսաստանի պնդումները, թե իբր ԱՄՆ-ն և Ուկրաինան են խոչընդոտում խաղաղ բանակցություններին, անհիմն են: Նախագահ Թրամփը հետևողական և անդադար ձգտում է առաջընթացի՝ պատերազմի ավարտի հարցում։ Մենք կոչ ենք անում անհապաղ հրադադարի և անցում եռակողմ բանակցությունների՝ պատերազմը ավարտելու համար։ Ռուսաստանը չի կարող շարունակել ժամանակ ձգել՝ ռմբակոծելով Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտները», - գրել է Քելլոգը X սոցիալական ցանցում։

Պեսկովը հունիսի 29-ին, խոսելով Ուկրաինայի հետ բանակցային գործընթացի դինամիկայի մասին, հայտարարել էր, որ «շատ բան» կախված է Ուկրաինայի դիրքորոշումից և նրանից, թե «որքան արդյունավետ կշարունակվեն Վաշինգտոնի միջնորդական ջանքերը»։ Նա նշել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումը «լավ հայտնի է»։ «Բացի այդ, կա իրական իրավիճակ տեղում, որը չի կարելի անտեսել և պետք է հաշվի առնել։ Ահա այս բոլոր բաղադրիչներն են ձևավորում ընդհանուր պատկերը։ Այն բարդ է, ոչ հեշտ, սակայն կախված կլինի հենց իրենցից», - ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմի կարգավորման բանակցությունների ընթացքը կախված է երեք գործոնից. Պեսկով