ՔՊ-ն շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյան, արխիվ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։

«Շուտով կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան, որտեղ կքննարկենք հայտարարության նախագիծը, և Ազգային ժողովը պաշտոնապես իր գնահատականը կտա Հայաստանի Հանրապետության դեմ ծրագրված ահաբեկչության փաստին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագծի հիմնական զեկուցող, իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Հիմնավորման մեջ հիշատակվում է, որ 2025 թվականի հունիսին իրավապահները բացահայտել են ահաբեկչության փորձ՝ միտված երկրում սահմանադրական կարգի տապալմանը և ՀՀ օրինական իշխանությունների բռնի հեռացմանը։

«Ահաբեկչական խմբավորման անդամները և ղեկավարները ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և նրանց ղեկավարների հետ սերտորեն կապված անձինք են, ովքեր վերջին շրջանում Հայաստանում կազմակերպել են բողոքի ցույցեր, հանդես եկել իշխանափոխության կոչերով՝ երբեմն հնչեցնելով բացահայտ բռնության և ատելության կոչեր ընդդեմ ՀՀ ընտրված իշխանությունների», - նշված է հայտարարության նախագծի հիմնավորման մեջ:

Քննչական կոմիտեն անցած շաբաթ հրապարակել էր տարբեր թղթեր, գաղտնալսումներ և պնդել՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը «Սրբազան պայքար» շարժման անվան տակ համախոհների հետ «պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Իսկ արդյունքի հասնելու համար, ըստ ՔԿ-ի, պետք է գործի դնեին նաև արգելված միջոցներ՝ զենքեր ու պայթուցիկներ:

ՔԿ նախագահը 2 օր առաջ պնդել՝ պետության դեմ նախապատրաստվող ահաբեկչության գործում դերակատարություն են ունեցել ոչ միայն Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ Գալստանյանը, նաև այլ մեղադրանքներով կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Վերջիններիս փաստաբանները, սակայն, հերքում են Քննչականի ղեկավար Արթուր Պողոսյանի այս պնդումները, ինչպես նաև առաջադրված մեղադրանքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գալստանյանի, Աջապահյանի ու Կարապետյանի մեղադրանքները՝ մեկ շղթայի մեջ. ՔԿ նախագահ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ահաբեկչության ու իշխանազավթման առնվազն 5 փորձ՝ Փաշինյանի իշխանության 7 տարում