Հակառակ լարվածությունը թուլացնելու և կառուցողական դաշտ վերադառնալու Մոսկվայի հորդորներին, Բաքուն այսօր է՛լ ավելի սրեց վերջին օրերին երկու երկրների միջև խորացող դիվանագիտական ճգնաժամը՝ անցած չորս օրում երկրորդ բողոքի նոտան փոխանցելով Ռուսաստանի իշխանություններին։
Այս անգամ Բաքուն հստակ, բայց՝ դիվանագիտական բառապաշարով պնդում է՝ ռուսները սուտ են խոսում, երբ հայտարարում են, թե Եկատերինբուրգում անցած շաբաթավերջին ուժայինների գործողության ժամանակ երկու ադրբեջանցիները մահացել են սեփական առողջական խնդիրների պատճառով:
«Ռուսական կողմի բացատրությունը հակասում է մեր փորձագիտական եզրակացությանը», - Ռուսաստանի դեսպանին ասել է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, կրկին պնդելով, թե Մոսկվան պետք է հետաքննի ու պատժի մեղավորներին։
Այսքանով, սակայն, Ազիմովը չի սահմանափակվել և հարկ է համարել հիշեցնել նաև անցած տարեվերջին Ռուսաստանի օդային տարածքում խոցված ադրբեջանական ինքնաթիռի պատմությունը, որի համար ՌԴ նախագահն այդպես էլ ներողություն չխնդրեց։ «Նման իրավիճակը բացասաբար է անդրադարձել երկկողմ հարաբերությունների վրա», - ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարարն ու միջադեպից ավելի քան վեց ամիս անց կրկին պահանջել Ռուսաստանից հետաքննել, պատժել ու փոխհատուցում վճարել ավիավթարի զոհերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չորս օրվա ընթացքում Բաքվի երկրորդ բողոքի նոտան ՄոսկվայինԲաքվի այս հերթական դեմարշից ժամեր առաջ, մինչդեռ, Ռուսաստանի արտգործնախարարությունը հորդորել էր Ադրբեջանին քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունները ռազմավարական դաշնակցության մակարդակին վերադարձնելու համար։
«Որոշ ուժեր փորձում են փչացնել Մոսկվայի հարաբերությունները Ադրբեջանի հետ, նրանք պետք է լավ մտածեն, թե ինչ են անում», - զգուշացրել էր նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Կրեմլի խոսնակն էլ հույս էր հայտնել, թե լարվածությունը շուտով հնարավոր կլինի հարթել, «երկխոսություն է սկսվել Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարի ու Ադրբեջանի գլխավոր դատախազի միջև՝ առկա խնդրահարույց հարցերը պարզաբանելու համար», - ասել էր Դմիտրի Պեսկովը։
Ու մինչ նա հույս էր հայտնում, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Բաքվում մամուլի ասուլիս էր անցկացնում հինգ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ ընդգծելով՝ Բաքուն շարունակելու է հետաքննել ռուս իրավապահների դեմ նախօրեին հարուցված քրեական գործը։
«Մենք դրանով մեր պարտքն ենք կատարում», - հայտարարում էր Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը՝ հակադարձելով Ռուսաստանի արտգործնախարարության երեկվա հայտարարությանը, թե ռուս իրավապահների դեմ քրեական գործ հարուցելով՝ Բաքուն միջամտում է Դաշնության ներքին գործերին։
«Եթե Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվում է առանձնահատուկ դաժանություն, եթե նրանց իրավունքները զանգվածաբար խախտվում են, մեր պարտականությունն է արձագանքել։ Ադրբեջանի քաղաքացիների և երկրից դուրս պետության շահերի դեմ կատարված հանցավոր գործողությունները հետապնդվում են իրավապահ մարմինների կողմից։ Եթե նման անձինք այդ պետություններում պատասխանատվության չեն ենթարկվում, ապա մենք ենք ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ նրանց պատասխանատվության ենթարկելու համար», - ասում էր Սաֆարովը:
Քրեական գործ հարուցելուց բացի, Ադրբեջանը վերջին օրերին նաև մի շարք ցուցադրական քայլեր է արել Ռուսաստանի դեմ՝ փոխվարչապետ Օվերչուկի այցի չեղարկումից մինչև Ռուսաստանի մոտ մեկ տասնակ քաղաքացիների ձերբակալություն՝ թմրանյութերի մաքսանենգության և կիբերխարդախության մեղադրանքներով։ Ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցներով երեկ տարածված տեսանյութերում ակնհայտ էր, որ ռուսները Բաքվում բռնության են ենթարկվել։
Այսօր Մարիա Զախարովան հաղորդել է, որ չնայած Մոսկվայի հորդորներին՝ Բաքուն մինչև այս պահը Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին չի թույլատրում տեսակցել ազատազրկվածներին։
Այս ֆոնին լրագրողները Կրեմլի խոսնակից այսօր հետարքրքվել են՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները ճգնաժամում են, և նախատեսվո՞ւմ է արդյոք հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի միջև։ Պեսկովը խուսափել է այս հարցերին ուղիղ արձագանքելուց։
Մինչ այդ, վերլուծաբանները փաստում են, որ Եկատերինբուրգում տեղի ունեցած ողբերգությունը առաջին և միակ նման դեպքը չէ երկկողմ հարաբերություններում․ նախկինում, սակայն, երբեք Բաքուն դրանց այսչափ կտրուկ չի արձագանքել։
2021-ին, օրինակ, Նովոսիբիրսկում սպանվել էր Ադրբեջանի քաղաքացի19-ամյա Վեքիլ Աբդուլաևը, ռուսական լրատվամիջոցներում տեսանյութեր էին տարածվել, որտեղ երևում էր, որ նրա ուղղությամբ կրակ էր բացել ճանապարհային ոստիկանության տեսուչը՝ ձերբակալության ժամանակ սկսված վիճաբանության ժամանակ։ Ռուսական դատարանը հետո արդարացրել էր ոստիկանին ու վերադարձրել ծառայության։ Ռուսաստանում ադրբեջանական համայնքն ու Միլի մեջլիսի պատգամավորները քննադատել էին, բայց միջադեպը դիվանագիտական սկանդալի ու ճգնաժամի չէր վերածվել։
«Հիմա՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից ու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած ագրեսիայից հետո ուժերի հավասարակշռությունը փոխվել է», - ասում են տարածաշրջանի զրագացումներին քաջատեղյակ մի քանի փորձագետներ, փաստելով՝ Մոսկվան շատ բան է ներում Ադրբեջանին, որի տարածքով են անցնում ոչ միայն կարևորագույն գազատարները, այլև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մի հատվածը, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս մտնել ասիական շուկաներ։
«Այս պայմաններում Ադրբեջանը բացահայտ չի մրցակցում Ռուսաստանի հետ, բայց վիճարկում է Մոսկվայի գերիշխող դիրքը Հարավային Կովկասում», - BBC-ին ասել է Քարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող Զաուր Շիրիևը՝ մանրամասնելով. - «Բաքվում չեն ուզում, որ Ռուսաստանը վերականգնի իր երբեմնի ազդեցությունը Վրաստանում, որով անցնում են առանցքային էներգետիկ ու տրանսպորտային երթուղիները։ Ադրբեջանը պատրաստ չէ նաև թույլ տալ, որ Հայաստանում իշխանության գան Ռուսաստանին սատարող ուժեր, որոնք դեմ են, որ Երևանը հաշտվի հարևանների հետ ու վերջնականապես հրաժարվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պահանջներից»։