Պապիկյանը պաշտպանության բնագավառում համագործակցությունը քննարկել է Հնդկաստանի դեսպանի հետ

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային, հայտնում է ՊՆ-ն:

Պապիկյանն ու Սինան քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մարտին Հնդկաստան այցելած արտգործնախարար Արարատ Միրզոյանը գոհունակություն էր հայտնել երկու երկրների համագործակցության վերաբերյալ, նշելով՝ այն շարունակում է դինամիկ զարգանալ:

Փետրվարին էլ Սուրեն Պապիկյանն էր մեկնել Հնդկաստան, հանդիպել իր պաշտոնակցի՝ Ռաջնաթ Սինգհի հետ: Նրանք քննարկել էին պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, անցած տարվա հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Հրապարակման համաձայն՝ Հայաստանը վերջին տարիներին մի շարք գործարքներ է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանու, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսողության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի ներկրելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական գնումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ջայշանկարի հետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԽ քարտուղարն ու Հնդկաստանի վարչապետի խորհրդականը քննարկել են անվտանգության ոլորտի համագործակցությունը