Շվեյցարիայի իշխանությունները մտադիր են փակել ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությունը վայելող Գազայի մարդասիրական հիմնադրամի Ժնևի մասնաճյուղը, հաղորդում է France-Presse գործակալությունը։
Ժնևի մասնաճյուղը «չի կատարել որոշակի իրավական պարտավորություններ», լրատվական գործակալությանն ասել է Շվեյցարիայի ներքին գործերի նախարարության խոսնակը։ Ըստ պաշտոնյայի` խոսքը բյուրոկրատական պարտավորությունների մասին է, որոնք կազմակերպությունը չի կատարել։
Գործակալությունը նշում է, որ մայիսի 26-ից գործունեություն ծավալող կազմակերպությունը, որը ներկայանում է որպես մասնավոր մարդասիրական կառույց, դեռևս հայտնի չէ, թե որտեղից է ֆինանսավորվում։
Հիմնադրամի երկամսյա գործունեությունը Գազայի հատվածում ուղեկցվել է քաոսային տեսարաններով և սպանություններով։ France-Presse-ը հիշեցնում է, որ գրեթե ամեն անգամ, երբ այդ հիմնադրամի բեռնատարներն օգնություն են բաժանել պաղեստինցիներին, իսրայելական ուժերը կրակ են բացել սնունդ ստանալու եկած մարդկանց վրա։
ՄԱԿ-ը և միջազգային այլ առաջատար մարդասիրական կառույցներ հրաժարվել են համագործակցել հիմնադրամի հետ՝ պնդելով, որ այդ կազմակերպությունը սպասարկում է Իսրայելի ռազմական նպատակները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ միայն անցած երկու շաբաթվա ընթացքում 500 մարդ է սպանվել «ՄԱԿ-ին չպատկանող սննդի բաշխման ռազմականացված կետերում»։
Հիմնադրամը, մինչդեռ, պնդում է, որ իր բաշխման կետերում կամ դրանց անմիջական մոտակայքում մահացու դեպքեր չեն եղել և «տեղյակ չէ այդ միջադեպերից որևէ մեկի մասին»։