Միացյալ Նահանգները դադարեցնում է որոշ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային, ինչը մտահոգություններ է առաջացրել Կիևում: Ըստ Politico-ի՝ խոսքը հակաօդային պաշտպանության հրթիռների և ճշգրիտ կառավարվող զինատեսակների մասին է: Իսկ պատճառը ամերիկյան պահեստներում դրանց սղությունն է: Ըստ The New York Times-ի՝ որոշումն ուժի մեջ կմնա դեռ մի քանի ամիս:
France-Presse-ին Սպիտակ տնից այսպես են պարզաբանել որոշումը. - «Այս որոշումը կայացվել է, որպեսզի Ամերիկայի շահերն առաջին պլան մղվեն, այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարարությունը վերլուծել է մեր երկրի կողմից աշխարհի այլ երկրներին տրամադրվող ռազմական աջակցությունն ու օգնությունը»:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հեռախոսազրույցներ են խնդրել ԱՄՆ իշխանությունների հետ, որպեսզի լրացուցիչ պարզաբանումներ տրվեն: Գերատեսչությունն ընդգծում է, որ Կիևը պաշտոնապես չի ծանուցվել «մատակարարման ժամանակացույցերի կասեցման կամ վերանայման մասին»։
«Կարևոր է ապահովել համաձայնեցված պաշտպանական օգնության տրամադրման կայունությունը, շարունակականությունը և կանխատեսելիությունը, հատկապես՝ օդային պաշտպանության ամրապնդման ոլորտում», - ասված է նախարարության հայտարարությունում։
Ավելի վաղ էլ Ուկրաինայի արտգործնախարարություն էր կանչվել Կիևում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոն Հինքելը: Ուկրաինայի փոխարտգործնախարար Մարիանա Բեցան ամերիկացի դիվանագետին ասել է, որ օգնության դադարեցումը կարող է խրախուսել Ռուսաստանին, որ շարունակի պատերազմը, ոչ թե ձգտի խաղաղության:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է՝ ասելով, որ մատակարարման դադարեցումը կարագացնի հակամարտության ավարտը:
«Որքան հասկանում ենք, այդ որոշման պատճառը դատարկ պահեստներն են, պահեստներում այդ զինատեսակների պակասը … Ամեն դեպքում, որքան քիչ զենք մատակարարվի Ուկրաինային, այնքան մոտ կլինի հատուկ ռազմական գործողության ավարտը», - հայտարարել է Պեսկովը:
Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Ֆեոդոր Վենիսլավսկին ասել է, որ այս որոշումը անշուշտ շատ տհաճ է Ուկրաինայի համար, և հույս է հայտնել, որ իշխանությունները կբանակցեն ԱՄՆ-ի հետ ու կշտկեն հարցը։
«Այս որոշումը ցավոտ է` հաշվի առնելով այն ահաբեկչական հարձակումները, որ Ռուսաստանը ձեռնարկում է Ուկրաինայի քաղաքների, գյուղերի, խաղաղ բնակիչների դեմ, որոնք գրեթե ամեն օր մահանում են այդ ահաբեկչական հարձակումներից։ Սա շատ տհաճ իրավիճակ է», - նշել է ուկրաինացի պատգամավորը:
Անօդաչուներ արտադրող ուկրաինական ընկերություններից մեկի սեփականատեր Վալերի Բորովիկն ասել է, որ արդյունքում Կիևը առաջիկա ամիսներին կարող է ամենաանպաշտպան քաղաքը դառնալ ռուսական հրթիռների համար:
«Կիևը կարող է դառնալ ամենաանպաշտպան քաղաքը, քանի որ չեն բավարարում հարվածային միջոցները: Այն զինատեսակները, որոնց պայմանագրերն արդեն կնքված էին, և որոնք պետք է բեռնվեին նավեր ու ուղարկվեին Ուկրաինա, ԱՄՆ նախագահն ուղարկում է Իսրայել», - հայտարարել է Բորովիկը:
Այս ֆոնին երեկ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները վերջին երեք տարում առաջին հեռախոսազրույցն են ունեցել: Ըստ Ելիսեյան պալատի՝ Էմանյուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Նաև Վլադիմիր Պուտինին կոչ է արել «հնարավորինս շուտ» համաձայնել հրադադարին և սկսել բանակցել` հակամարտության երկարատև և կայուն կարգավորման համար։
Ըստ Կրեմլի՝ Պուտինն ասել է, որ հակամարտությունն Արևմուտքի քաղաքականության ուղղակի հետևանք է, իսկ կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային նոր իրողությունների վրա:
Ուկրաինայի նախագահն, իր հերթին, երեկոյան ուղերձում ասել է, թե կարևոր է, որ հաջորդ վեց ամիսներն արդյունավետ լինեն պաշտպանական արդյունաբերության և պատժամիջոցների առումով, որպեսզի Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումն իսկապես ծառայի իր նպատակին և սահմանափակի ագրեսիայի դիմելու Մոսկվայի կարողություններն ու վերջ դնի պատերազմին: Վլադիմիր Զելենսկին նշել է, թե տեղեկություններ ունեն, որ Ռուսաստանը լուրջ դժվարությունների է բախվում պատժամիջոցների շնորհիվ:
«Մենք ունենք հստակ ապացույցներ՝ հաստատված մեր գործընկերների կողմից, որ պատժամիջոցներն իսկապես ցավոտ են Ռուսաստանի համար։ Եվ եթե ճնշումը շարունակի աճել, դա Ռուսաստանին կստիպի հրաժարվել պատերազմի և հարևան երկրների նկատմամբ թշնամանքի վրա կենտրոնանալուց», - վստահեցրել է Զելենսկին:
Իսկ առաջնագծում իրավիճակը մնում է լարված: DeepState վերլուծական նախագիծը հաղորդում է, որ ռուսական զորքը Դոնեցկում ևս մեկ գյուղ է գրավել և առաջ է շարժվում առնվազն հինգ գյուղի ուղղությամբ:
Ըստ ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի վերջին տվյալների, Ռուսաստանն անցած ամիս ամենամեծ տարածքային առաջխաղացումն է գրանցել Ուկրաինայում վերջին կես տարվա ընթացքում: Ըստ այդմ, ռուսական բանակը հունիսին Ուկրաինայից օկուպացրել է 588 քառակուսի կիլոմետր, մեծ մասը՝ Դոնեցկի արևելյան շրջանում, որը վերջին երկու տարիներին դարձել է Ռուսաստան-Ուկրաինա բախումների կենտրոնատեղին։
Վերջին 24 ժամում ռուսական անօդաչուները հարվածել են Խարկովին, կա մեկ զոհ, Խերսոնում թիրախում է հայտնվել հիվանդանոց, կա ութ վիրավոր, այդ թվում՝ հիվանդներ: Ռուսական հարվածներից չորս մարդ էլ վիրավորվել է Դնեպրոպետրովսկում: Ռուսական զինուժը հրթիռով հարվածել է նաև Գուլյայպոլե քաղաքին, զոհերի թիվը չի նշվում, սակայն կա առնվազն 30 վիրավոր:
Ուկրաինական անօդաչուներն էլ Իժևսկում հարվածել են «Կուպոլ» ռազմական գործարանին, զոհվել է երեք, վիրավորվել՝ 30-ից ավելի մարդ: Սարատովում հարվածել են նավթավերամշակող գործարանի։