Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները առաջին հեռախոսազրույցն են ունեցել 2022 թվականի սեպտեմբերից ի վեր:
Կրեմլը հաղորդում է, որ Վլադիմիր Պուտինը «իմաստալից» հեռախոսազրույց է ունեցել Էմանյուել Մակրոնի հետ՝ քննարկելով Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունն ու Ուկրաինայի իրավիճակը:
Ելիսեյան պալատը հավելել է, որ զրույցը տևել է երկու ժամ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Ուկրաինայում հրադադարի և հակամարտության լուծման շուրջ բանակցությունների մեկնարկի օգտին։ Նա վերահաստատել է Փարիզի «անվերապահ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է հարգել Իրանի՝ միջուկային էներգիան խաղաղ նպատակներով զարգացնելու իրավունքը, ինչպես նաև նրա՝ միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը։
Ֆրանսիայի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Մակրոնը շեշտել է՝ անհրաժեշտ է, որ Իրանը լիարժեքորեն համագործակցի ԱԷՄԳ-ի հետ։
Իրանի խորհրդարանը նախորդ ամիս ընդունել էր օրենքի նախագիծ, որով դադարեցվում է համագործակցությունը գործակալության հետ՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածներին Իրանի միջուկային օբյեկտների վրա։
Մակրոնը վերահաստատել է իր վճռականությունը՝ դիվանագիտական լուծում գտնելու հարցում, որը կբերի միջուկային խնդրի, հրթիռային ծրագրի և տարածաշրջանում Իրանի դերի կայուն ու խիստ կարգավորման։ Նշվում է, որ երկու նախագահները համաձայնել են համակարգել իրենց ջանքերը։
Ֆրանսիան և Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են։