Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, պաշտոնական լուսանկար

«Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում», - մասնավորապես ասված է ուղերձում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր ժողովուրդների պատմական բարեկամությունը, ժողովրդավարական սկզբունքներին ու քրիստոնեական արժեքներին նվիրվածությունը, ինչպես նաև հաստատուն հանձնառությունը ազատությանը, արժանապատվությանը և արդարությանը:

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով է՛լ ավելի բարձր մակարդակի կհասցնենք մեր հարաբերությունները՝ ի բարօրություն Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների»:

«Բարձր եմ գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Ձեր տեսլականը: Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում: Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անսասան հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին համահունչ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը», - Դոնալդ Թրամփին գրել է Նիկոլ
Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ԱՄՆ նախագահին մաղթումէ քաջառողջություն, հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ Միացյալ Նահանգների ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց:



XS
SM
MD
LG