Մատչելիության հղումներ

Ուկրաինան զենքի մատակարարման հարցով քննարկումներ է անցկացնում ԱՄՆ-ի հետ

Լրացված

Ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգ, արխիվ
Ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգ, արխիվ

Ուկրաինան քննարկումներ է անցկացնում ԱՄՆ-ի հետ՝ պարզաբանելու ռազմական օգնության մատակարարման վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահը այն բանից հետո, երբ երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է հակաօդային պաշտպանության որոշ զինատեսակների մատակարարումը Ուկրաինային:

Վաշինգտոնի որոշումը մտահոգություններ է առաջացրել թե՛ Ուկրաինայում, թե՛ Եվրոպայում և թե՛ ԱՄՆ-ում առ այն, թե ինչպես Ուկրաինան կկարողանա շարունակել պայքարը ռուսական ագրեսիայի դեմ:

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ քննարկումները տեխնիկական բնույթի են և վերաբերում են նաև օդային պաշտպանությանը:

«Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական քննարկումներ են ընթանում՝ պաշտպանական օգնության, մասնավորապես՝ օդային պաշտպանության բաղադրիչների մատակարարման հետ կապված բոլոր մանրամասները պարզաբանելու համար։ Այսպես թե այնպես, մենք պետք է ապահովենք մեր ժողովրդի պաշտպանությունը», - նշել է Ուկրաինայի նախագահը:

Financial Times-ի տեղեկություններով՝ Թրամփն ու Զելենսկին ուրբաթ օրը հեռախոսով կքննարկեն խնդիրը: Ըստ Politico-ի՝ Կիևը կփորձի համոզել Վաշինգտոնին, որպեսզի թույլ տա, որ Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինությունը գնի Եվրոպան:

Bloomberg-ը գրում է, որ եվրոպացի պաշտոնյաներն ապշած են ԱՄՆ որոշումից, հատկապես երբ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հայտարարեց, որ կդիտարկի Ուկրաինային ավելի շատ Patriot համակարգեր տրամադրելու հնարավորությունը, ինչպես ինքն էր ձևակերպել՝ Զելենսկու հետ «լավ» հանդիպումից հետո:

Ըստ գործակալության՝ Ուկրաինայի դաշնակից եվրոպական երկրները Սպիտակ տանը խնդրում են պարզաբանել որոշումը, ոմանք էլ կարծում են, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել իր դիրքորոշումը: Politico-ն էլ գրում է, որ որոշումից ցնցված են նույնիսկ Պետդեպարտամենտում:

The Wall Street Journal-ն էլ Թրամփի վարչակազմին հղումով հայտնում է, որ ԱՄՆ-ը դադարեցրել է նույնիսկ այն խմբաքանակի մատակարարումը, որն արդեն հասել էր հարևան Լեհաստան: Ըստ Economist-ի՝ ԱՄՆ-ը դադարեցրել է բոլոր տեսակի ռազմական մատակարարումները: Սակայն ԱՄՆ Պետդեպտարտեմենտը պնդում է, որ մատակարարումը չի դադարեցվել:

Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսն ասել է, որ խոսքը մեկ էպիզոդիկ դեպքի մասին է:

«Շատ լավ է, որ այն էապես չի ազդի ընդհանուր իրավիճակի վրա, քանի որ մենք չենք դադարեցրել զենքի մատակարարումը Ուկրաինա։ Սա մեկ ասպեկտ է, մեկ իրավիճակ, մեկ իրադարձություն, որում փոփոխություն է եղել», - վստահեցրել է Բրյուսը:

Ըստ BBC-ի՝ եթե դեպքերը զարգանան վատագույն սցենարով և Ուկրաինան չստանա այդ զինատեսակները, ապա երկրի ամբողջ տարածքը չափազանց խոցելի կդառնա ռուսական զորքի համար: Այսինքն՝ նրանք կկարողանան համակարգված և առանց դիմադրության ոչնչացնել Ուկրաինայի թիկունքում գտնվող այն օբյեկտները, որոնք անհրաժեշտ կհամարեն։

Այս ֆոնին Չեխիայի նախագահը հայտարարել է, թե չի կարող երաշխավորել, որ Ուկրաինային ռազմական օգնությունը կշարունակվի երկրում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Պետր Պավելը չի բացառել, որ ընտրությունների արդյունքում կարող է իշխանություն փոխվել, և հավելել է, որ դժվար է հիմա դատողություն անել հնարավոր նոր իշխանությունների առաջնահերթությունների մասին։

«Իմ բոլոր ջանքերը հիմա կենտրոնացած են անվտանգության և պաշտպանության հարցերում միասնական մոտեցումը պահպանելու վրա, այդ թվում՝ Ուկրաինայի հարցում մեր քաղաքականության։ Քանզի ըստ իս՝ Ուկրաինային աջակցելը մեր իսկ անվտանգության ապահովման անբաժանելի մասն է», - ասել է Պավելը:

Այս ֆոնին Զելենսկին այսօր հայտարարել է, որ Ուկրաինան ամերիկյան մի ընկերության հետ անօդաչուների համատեղ արտադրության շուրջ պայմանագիր է ստորագրել:

Ու մինչ անորոշ է մնում հարցը, թե ինչպես Ուկրաինան կպայքարի ռուսական ագրեսիայի դեմ առանց ՀՕՊ ամերիկյան զինատեսակների, Ուկրաինայի հետախուզությունը պարզել է, որ Հյուսիսային Կորեան մտադիր է եռապատկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվող իր զորքի թվակազմը և առաջիկայում ևս մինչև 30 հազար զինվոր ուղարկել առաջնագիծ:

Այս ընթացքում իրավիճակը ռազմաճակատում լարված է: Գիշերը ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Օդեսային, կա երկու զոհ, մի քանի վիրավոր, այդ թվում՝ երկու երեխա, իսկ Պոլտավայում կա երկու զոհ, 11 վիրավոր: Ռուսական զինուժը ևս երկու բնակավայր է վերցրել Դոնեցկում:

Ուկրաինական զորքն, իր հերթին, անօդաչուներով հարվածել է Վորոնեժին, Բելգորոդին, Ղրիմին և այլ շրջանների: Լիպեցկում կա մեկ զոհ և վիրավորներ, ևս մեկ զոհ կա Բրյանսկում: Սամարայում ժամանակավորապես դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը: Կուրսկում զոհվել է Ռուսաստանի նավատորմի փոխհրամանատար գեներալ-մայոր Միխայիլ Գուդկովը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG