«Տաշիր գրուպի»-ի վերաբերյալ Քննչական կոմիտեի հարուցած վարույթի շրջանակներում այսօր քննիչները շուրջ 6 ժամ քննչական գործողություններ էին իրականացնում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության գլխավոր գրասենյակում:
Խուզարկությունից 5 ժամ անց միայն Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տնտեսական հանցագործությունների գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում են անհետաձգելի քննչական գործողություններ իրականացրել: Ընդ որում, իրավապահ մարմինը չի հստակեցնում՝ ե՞րբ է հարուցվել փողերի լվացման գործով վարույթը:
«Նման բան գոյություն չունի: Մենք գտնում ենք՝ սա ինչ-որ ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր, և կարծում եմ դեռ կշարունակվի», - հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը:
Ֆերոյանը քննիչների՝ ժամեր տևած խուզարկությունից հետո շատ մանրամասներ չփոխանցեց, հղում անելով նախաքննական գաղտնիքին: Պնդելով, որ տեղի ունեցողը ուղղակի ապօրինություն է, փաստաբանը միայն նշեց, որ քննիչները խուզարկության ընթացքում առգրավել են գրասենյակի համակարգիչներն ու փաստաթղթերը:
Իսկ թե երբ է հարուցվել քրեական այս վարույթը, Արմեն Ֆերոյանն ասաց՝ շատ վաղուց: Իսկ փաստաբաններից Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ Քննչական կոմիտեն մի քանի վարույթ է հարուցել:
«Վաղուցվա վարույթներ են իրանք, նոր չեն: Շատ վաղուցվա, մինչև էս հայտնի դեպքերը հարուցված վարույթներ են դրանք», - ասաց Ֆերոյանը:
«Մի քանի վարույթներով է, մի վարույթը 23 թվին է, մեկը՝ 24-ին, մեկը՝ ոնց որ թե 25-ին», - ասաց Հակոբյան:
«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունից առաջ այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել կալանավորված գործարարի մեկ այլ
փաստաբան Արամ Վարդևանյանը, որն այդ պահին տեղյակ չէր Քննչականի անհետաձգելի գործողությունների մասին:
Խոսելով Կարապետյանին ներկայացված՝ իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքի մասին, Վարդևանյանն ընդգծեց՝ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, և դրա ապացույցներից մեկն այն է, որ թեև Սամվել Կարապետյանն իր հայտնի հարցազրույցում կոչ չի անում, խոսում է Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության մասին, սակայն նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչի համար. - «Այսինքն, քրեական գործ՝ կոչին վերաբերող՝ կոչի բացակայության պայմաններում: Սա իրավական աբսուրդ է»:
Փաստաբանի խոսքով՝ այս «իրավական աբսուրդը» ձևավորվել է վարչապետի ֆեյսբուքյան էջում, որտեղ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին սպառնում էր հաշվեհարդար տեսնել Սամվել Կարապետյանի նկատմամբ:
Հունիսի 17-ին Փաշինյանը Կարապետյանի հարցազրույցի վերաբերյալ մի քանի գրառում էր արել ֆեյսբուքյան էջում, այդ թվում զգուշացնելով գործարարին. - «Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։
« Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։
«Այդ կետից սկսած՝ արդեն մենք ունենք քաղաքական հետապնդման ուղիղ փաստական տվյալ: Այսինքն՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 17-ից փաստացի սկիզբ առած այս գործընթացը՝ չակերտներում, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում», - հայտարարեց Վարդևանյանը:
Գլխավոր դատախազն անձամբ է հաղորդում ներկայացրել Սամվել Կարապետյանի վերաբերյալ. փաստաբան
Ի դեպ, փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրեց , որ Գլխավոր դատախազն անձամբ է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Քննչական կոմիտե՝ Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցի առնչությամբ:
«Ակնհայտ ապօրինի հետապնդումը սկիզբ է առել Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Մասնագիտական հանրույթին իսկապես, կարծում եմ, դա ևս շատ հետաքրքիր կլինի, քանի որ ես ինքս նման դեպք չեմ հիշում, որ Գլխավոր դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի, ոչ թե հետապնդումը հարուցի, այլ հենց հաղորդում ներկայացնի», - ընդգծեց փաստաբանը:
Վարդևանյանը նշեց, որ Գլխավոր դատախազի այդ հաղորդումը պաշտպանական կողմին չի էլ տրամադրվել, և դեռ պետք է պարզել՝ Աննա Վարդապետյանն այդ հաղորդումը ներկայացրել է Փաշինյանի «ֆեյսբուքյան արդարադատությունից» առա՞ջ, թե՞ հետո:
Գլխավոր դատախազը Քննչական կոմիտե է ուղարկել Սամվել Կարապետյանին առնչվող երկու հրապարակում
Հանցագործության մասին ի՞նչ հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Քննչական կոմիտեին, որի հիման վրա էլ վարույթ է հարուցվել Սամվել Կարապետյանի դեմ, « Ազատության» այս հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից փոխանցեցին.
«168.am» կայքի՝ «Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին. Սամվել Կարապետյան» վերտառությամբ, ինչպես նաև «Aravot.daily» կայքի՝ «Սամվել Կարապետյանի դեմ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներից հետո իրավապահները գործի անցան» վերտառությամբ հրապարակումները՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են Քննչական կոմիտեի նախագահին»:
Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը բողոքարկելու դիմումը պաշտպանական կողմը ետ էր վերցրել՝ պնդելով, որ չեն վստահում դատավորի անաչառությանը: Բայց դատավոր Արմեն Դանիելյանն այդ բողոքն ընդունել է վարույթ և դատական նիստը նշանակել հուլիսի 4-ին՝ նույն այն օրը, երբ Կարապետյանները նախատեսում են երթով գնալ դեպի գործարարի կալանավորման վայր: