Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտարարում է, որ ՀԷՑ-ի աշխատողները կարող են ազատվել աշխատանքից, Կարապետյանի պաշտպանական խորհուրդն արձագանքում է


Նախքան ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կընդուներ ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընկերության այն աշխատողները, ովքեր «իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով», հուլիսին կազատվեն աշխատանքից։

«Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն», - գրել է նա սոցիալական ցանցերում։

Վարչապետի խոսքով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության այն աշխատողները, որոնք հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։

«Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն, և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի», - խոստացել է Փաշինյանը:

Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով, որ «ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն»:

«Նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք», - նշել է խորհուրդը:

Եկեղեցուն պաշտպանելուց մի քանի ժամ անց բանտում հայտնված Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Նա մեղադրանքը չի ընդունում:

ՀԷՑ-ը պետականացնելու մտադրության մասին իշխանությունները հայտարարեցին Կարապետյանի ձերբակալությանն ու կալանավորմանը զուգահեռ: Մի քանի օրվա ընթացքում հասցրին նաև օրենսդրական փոփոխությունների նախագիծ մշակել, որով նաև կարող են ժամանակավոր կառավարչի հանձնել ընկերության կառավարումը, եթե այն պատշաճ չկատարի իր պարտականությունները:

Փաշինյանն ավելի վաղ էլ էր անդրադարձել ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ զգուշացրել, թե ովքեր ներգրավված են նրանց ստիպողաբար ցույցի տանելու գործում, պատժվելու են, իսկ նրանք, ովքեր այդ մասին կտեղեկացնեն իրավապահներին և ցուցմունք կտան, կխրախուսվեն:






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG