Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի որոշմամբ այսօրվանից ուժի մեջ է մտել ՄԱԿ-ի միջուկային վերահսկողության գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ օրենքը, հայտնում են իրանական պետական լրատվամիջոցները։
Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը կողմ քվեարկեց ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու նախագծին՝ պատճառաբանելով, թե գործակալությունը չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներն Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Նախագծով գործակալության տեսուչներին արգելվում է մուտք գործել միջուկային օբյեկտներ, քանի դեռ, ինչպես պնդում է Թեհրանը, չի երաշխավորվում դրանց անվտանգությունը։ Ավելի ուշ ծրագրին հավանություն էր տվել Իրանի Սահմանադրական խորհուրդը։
Իրանն այս որոշումն ընդունեց Արևմուտքի հետ քաղաքական հակամարտության ամենաթեժ փուլերից մեկում։ Թեհրանը համարում է, որ գործակալությանը չեզոք չէ և Արևմուտքի կողմից որպես ճնշման գործիք է օգտագործվում։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ չնայած Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտներին հասցված հարվածները հետ են գցել Իրանի միջուկային ծրագիրը, սակայն հնարավոր չէ պնդել, թե ամեն ինչ ոչնչացվել է: Բացի այդ, ըստ Ռաֆայել Գրոսսիի, Իրանն ունի ուրանի հարստացման համար անհրաժեշտ գիտելիքներն ու տեխնոլոգիաները և իր միջուկային ծրագիրը կարող է վերսկսել մի քանի ամսում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը չի կարող շարունակվել անվտանգության նկատառումներով