Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ արդեն չորրորդ գործն է ուղարկվել դատարան:
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտնեց, որ 71-ամյա Սարգսյանը մեղադրվում է 2000-ից 2018 թվականներին՝ պաշտպանության նախարարի, հետո՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ձեռնարկատիրությանն ապօրինի մասնակցելու համար։
Ավելի քան մեկ ամիս առաջ էլ մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով գործն էր դատարան ուղարկվել: Սարգսյանն անցնում է նաև Իսակովի պողոտայի և Եռաբլուրի հարակից հողերի օտարման, ինչպես նաև դիզվառելիքի յուրացման վերաբացված գործով:
Վերջին գործով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, երրորդ նախագահը նպաստել է, որ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող գործարար Միխայիլ Բաղդասարովն ու նրա ընկերությունները ներգրավվեն արտասահմանյան ներդրումներով կառուցվող բիտումի գործարանի հիմնադրմանը։
Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը գործը շինծու է որակում։ Պնդում է՝ այն իրավական հիմք չունի։
«Էդ մեղադրանքը հերթական հերյուրանքն է, որը իշխանությունները տարածում են էն ժամանակ, երբ որ ինչ-որ իրադարձություններ են իրենք ակնկալում, որ երկրի գլխին նորից պետք է կախվի», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փաստաբանը:
Մակինյանն ասում է, որ այս գործով առերեսումները դեռ հինգ տարի առաջ են եղել, դեռ այն ժամանակ գործարար Բաղդասարովը, որը մահացել է 2020 թվականին, հերքել է իրեն վերագրվող թարգմանությունները, որոնք այս վարույթի հիմքում են դրվել, ըստ փաստաբանի. - «Էս այսպես ասած տվյաները հինգ տարի է՝ իրենց արխիվներում գցված են, ինչ եղա՞վ, որ նոր բարձրացրեցին: ուզում եմ հիշեցնեմ ու հասարակությանն էլ տեղեկացնեմ, որ առերեսման ժամանակ երբ որ հարցեր առաջադրվեց Միխայիլ Բաղդասարովին, շատ զարմացավ ու ասեց՝ «էդ ով ա՞ էդ թարգմանությունները արել, ես էդպիսի բան չեմ ասել, թարգմանությունները ճիշտ չեն, իրականությունը այդպես չի, այլ այսպես ա»: Այսինքն՝ էն, ինչ որ փորձ էր արվում բերել ու մոտեցենել պարոն նախագահին, Միխայիլ Բաղդասարովը մեր ներկայությամբ ամբողջությամբ հերքեց»:
Մակինյանը վստահ է՝ իրավապահները գործի մասին հիշել են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։
Փաստաբանը շեշտում է՝ այս գործի վաղեմության ժամկետներն անցել են։ Այսինքն՝ եթե նույնիսկ մեղադրանքը հաստատվի, Սարգսյանը պատասխանատվության չի ենթարկվի։
«Ես հարցեր ունեմ՝ 20 թվականի ապրիլի 11-ին էս փաստական տվյալները՝ իբրև, ձևական, գործում կան, հինգ տարի ինչի՞ էին պահել, ո՞վ էր հանձնարարել պահել, և հաջորդ հարցը՝ ո՞վ հանձնարարեց, որ էս փոշին մաքրեն, ուղարկեն դատարան: 11 ապրիլ, 2020 թիվ», - նշեց Մակինյանը: Հարցին՝ «կասկածներ ունե՞ք, վարչապետը՞ նկատի ունեք», նա արձագանքեց. - «Ես կասկածներ չունեմ էդ առումով»:
Ըստ իրավապահների, Սուրենավանի բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվելու համար գործարար Միխայիլ Բաղդասարովի ընկերությունը Կիպրոսում գրանցված ռուսական երկու ընկերությունների հետ համատեղ 2006 թվականի փետրվարի 20-ին հիմնադրել է նոր ընկերություն: Ընդ որում, հաղորդվում է, որ Բաղդասարովը Սարգսյանի պահանջով հիմնադրված ընկերության՝ իրեն պատկանող բաժնեմասի 22.5 տոկոսը ձևական վաճառքի գործարքով փոխանցել է Սարգսյանի եղբորորդու և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հիմնադրած ընկերությանը:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2013-ին բիտումի գործարանի գործունեության ձախողման պատճառով օտարերկրյա ներդրողները վաճառել իրենց բաժնեմասերը։ Դրանք գնելու համար, իրավապահների փոխանցմամբ, Սարգսյանը դիմել է Բաղդասարովին՝ հանձնարարելով վարկ վերցնել հայաստանյան բանկերից մեկից. - «Սերժ Սարգսյանը, փաստացի կառավարելով նշված գործընթացը, հանձնարարել է Միխայիլ Բաղդասարովին դիմել ՀՀ-ում գործող, իր մտերիմին պատկանող բանկային կազմակերպությանը՝ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար, և վերադարձնել ռուսական երկու ընկերությունների կատարած ներդրումները, ինչը վերջինս կատարել է»:
«Թե ոնց են թարգմանությունները այլ եղանակով սկզբից շարադրել, երբ որ պարզ արդեն, մեր ներկայությամբ, էս հարցերը տվեցին, զարմացած էր էս մարդը, թե «էս ի՞նչ եք ասում, ի՞նչ խորհուրդ, ի՞նչ ցուցում, ինձ ո՞վ պիտի ցուցում տար, ես բիզնեսմեն եմ, ինչի՞ մասին ա խոսքը, ես իմ բիզնես նպատակներն եմ հետապնդում, իմ գործունեությունն եմ ծավալում», - պատմեց Ամրամ Մակինյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ գործարար Միխայիլ Բաղդասարովը հետո նոր ընկերություն է հիմնել, որին փոխանցվել են մյուս ընկերությունների ակտիվները, այդ թվում՝ Երևանում և մարզերում գտնվող 23 բենզալցակայանները, նավթամթերքի բազան և Արարատի մարզի Սուրենավան համայնքում գտնվող՝ բիտում արտադրող գործարանը:
«2015 թ. օգոստոսի 22-ին Սերժ Սարգսյանի դստեր ամուսու հետ փոխկապակցված ընկերությունը 40 միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Միխայիլ Բաղդասարովի հիմնադրած նոր ընկերության 100 տոկոս բաժնեմասը, ինչով պայմանավորված՝ հնարավորություն է ստացել ՀՀ բենզինային վառելիք ներկրելու մենաշնորհ ստանալ», - ասված է հաղորդագրությունում:
Հակակոռուպցիոնի պնդմամբ՝ Սարգսյանի դրդմամբ Բաղդասարովը նաև 6 մլն դոլար է կաշառք է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Քոչարյաններն առայժմ չեն արձագանքել այս պնդումներին, պարզ չէ՝ երկրորդ նախագահի որ որդու մասին է խոսքը և ինչ կարգավիճակ ունի նա այս վարույթում: Կրտսեր որդին՝ պատգամավոր Լևոն Քոչարյանն այսօր չարձագանքեց «Ազատության» զանգերին: Այս նոր գործը դեռ մուտքագրված չէ դատական տեղեկատվական համակարգում, դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվի դատաքննությունը: