Մինչ պատգամավորները պատրաստվում էին ըստ էության ՀԷՑ-ը պետականացնելուն միտված նախագծի վճռորոշ քվեարկությանը, վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան հրապարակմամբ զգուշացրեց՝ ՀԷՑ-ի այն աշխատողները, որոնք իրենց աշխատանքը թողած զբաղված են «քաղաքական խարդավանքներով», այս ամիս կազատվեն աշխատանքից:
«Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա», - գրեց Նիկոլ Փաշինյանը:
Փաստեր ունի՞ վարչապետը, թե կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող ընկերության աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակել, աշխատանքից կհեռացվե՞ն այն մարդիկ, որոնք երեկոյան՝ աշխատանքային օրվա ավարտին այս կամ այն հավաքին կմասնակցեն, ի՞նչ հիմքով: Նիկոլ Փաշինյանն այս հարցերին չի անդրադարձել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հայտարարում է, որ ՀԷՑ-ի աշխատողները կարող են ազատվել աշխատանքից, Կարապետյանի պաշտպանական խորհուրդն արձագանքում է«Ազատություն»-ը խորհրդարանում իշխանական Վահագն Ալեքսանյանից փորձեց պարզել՝ որտեղի՞ց տեղեկությունները, թե ՀԷՑ-ում աշխատանքի ժամին այլ բանով են զբաղվում:
«Մամուլում կան հստակ հրապարակումներ, որ ՀԷՑ-ում մարդկանց, աշխատողներին պարտադրում են մասնակցել էս կամ էն միտինգին», - ասաց Ալեքսանյանը:
Պատգամավորը, սակայն, իր այս պնդումը որևէ փաստով չհիմնավորեց:
Աշխատանքային օրվա ավարտին հավաքի մասնակցողները կհեռացվե՞ն, լրագրողներն ուղիղ պատասխան չստացան. - «Եթե էդ մասնակիցները որպես էդպիսին էն մարդկանց թվում են, ովքեր մյուսներին պարտադրել են գալ ըտեղ, ինչը մեր ընդդիմությանը ... ես չեմ կարծում, որ ՀԷՑ-ի նորմալ աշխատողը, ում չեն ստիպել, ով էդ խարդավանքներին չի տրվել, առհասարակ ցանկություն կունենա ընդե մասնակցել», - հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:
Կալանավորված Կարապետյանի թիմից արձագանքեցին վարչապետին, հայտարարում են՝ ՀԷՑ-ի այն աշխատակիցները, որոնց կսպառնան իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, կարող են հանգիստ լինել՝ անհրաժեշտության դեպքում համարժեք աշխատանքով կապահովեն:
Իշխանությունները հայտարարում են՝ ՀԷՑ-ի կառավարումը կստանձնեն արդեն այս ամիս, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններն այժմ արագացված ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով խորհրդարանում են քննարկում: Միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությունից ու կալանավորումից հետո հապճեպ մշակված նախագիծը կեսօրին ընդունվեց առաջին ընթերցմամբ, ժամեր անց տեղի կունենա վճռորոշ քվեարկությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելուն առնչվող նախագիծըՕրենսդրական փոփոխություններից հետո կկարողանան ՀԷՑ-ի կառավարումը ժամանակավոր կառավարչի հանձնել: Նախագիծն ըստ էության այսպիսի մեխանիզմ է ենթադրում. Կառավարությունը ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ հաղորդում կարող է կներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այդ դեպքում հանձնաժողովի նախագահն առավելագույնը հինգ օրվա ընթացքում վարչական վարույթ պետք է հարուցի: Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որն, ի դեպ, նախկին ՔՊ-ական է, կկարողանա նաև «կանխարգելիչ միջոցառումներ կիրառել», այդ թվում՝ ժամանակավոր կառավարիչ նշանակել: Ընդ որում՝ նախագիծը հետադարձ ուժ ունի, գործընթացը կարող է սկսվել նաև նախկին խախտումների համար:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: Այսինքն՝ այս պահից սկսած մի քանի օրում կարող է փոխվել ՀԷՑ-ի կառավարիչը: Թեկնածու արդեն կա՞. - «Չէ, չեմ կարող էս պահին պատասխանել , բայց վստահ եմ՝ շատ կոմպետենտ մարդ կնշանակվի էնտեղ», - ասաց Վահագն Ալեքսանյանը:
Նախագծով առաջին հերթին ՀԷՑ-ի կառավարման հարցն է լուծվում, կան դրույթներ նաև զուտ սեփականության վերաբերյալ. եթե խախտումների հիման վրա հարուցված վարույթի արդյունքում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշում կայացվի, գործադիրն ընկերության սեփականատերերին կառաջարկի իր հետ համաձայնեցված կարգով օտարել բաժնետոմսերը, գույքը: Ժամկետ էլ է սահմանվում՝ երեք ամիս, եթե այդ ընթացքում գույքը չվաճառվի, դա տեղի կունենա Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան: Մայր օրենքի այս հոդվածը սեփականության իրավունքի մասին է.- «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»:
Առաջին քվեարկությունից հետո նախագիծը քննարկվեց տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովում: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ ՀԷՑ-ի պետականացումն ի վերջո որքա՞ն կարժենա Հայաստանի քաղաքացիների համար, հաշվարկներ կա՞ն, թե այս ամենն ինչպես կազդի պետբյուջեի վրա:
«Պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր են առաջանալու, և չափը, եթե չեմ սխալվում, անգամ չեք գնահատել: Այսինքն՝ դուք ափալ-թափալ մի հատ պրոցես եք սկսում, ասում եք, որ նախագիծը, Կառավարությունն ասում է, որ լրամշակման կարիք ունի, ասում եք, որ բյուջեի համար լրացուցիչ ծախսեր են առաջանալու, բայց որոնք անգամ դեռ չեք հաշվարկել», - նշեց Խամոյանը:
Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը չթաքցրեց՝ հաշվարկ չկա. - «Ինչ կարժենա էս ամբողջը՝ կա հստակ գնահատման կարգ սահմանած, և քանի դեռ գնահատում չի իրականացվել գույքի, պարտավորությունների, և այլն, և այլն, գուշակությունների դաշտում է, թե ինչ արժեք կունենա»:
Վճռորոշ քվեարկությունը տեղի կունենա վաղը: