Ազգային ժողովում մեկնարկել է գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերի քննարկումը:
Առաջինը քննարկվեց ընդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը:
Մինչ Աննա Վարդապետյանը կներկայացներ միջնորդագիրը, «Հայաստան» խմբակցությունից հայտարարեցին, որ չեն մասնակցելու քննարկմանը, քանի որ նաև նիստին ներկա չէ ինքը Օհանյանը:
Հետո ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս հայտարարեց, որ իրենք էլ այս հարցի քննարկմանը չեն մասնակցի:
Գլխավոր դատախազն միջնորդագիրը ներկայացնելուց հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Հարեր նրան ուղղում էին իշխանականները:
Գլխավոր դատախազը պնդում է, որ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու տարիներին զավթել է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում՝ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող պետական հողատարածքը և առանց կառուցապատման իրավունքի դրա վրա առանձնատուն կառուցել, ապա հայտարարագրում թաքցրել այդ սեփականությունը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ, ըստ Դատախազության, լինելով բնապահպանության նախարար, չի կատարել ծառայողական պարտականությունները, թաքցրել է Օհանյանին վերագրվող ենթադրյալ ապօրինությունները՝ դրանով պետությանը էական վնաս պատճառելով:
Այս գործը հարուցվել է դեռևս 2017 թվականին, իսկ 2018 ից հետո մի շարք այլ քրեական վարույթներ են նախաձեռնվել՝ կրկին Դրախտիկի շինության թեմայով, և միացվել այս գործին։
Օհանյանի վերաբերյալ միջնորդագրի քննարկումն ավարտվեց, տևեց շատ կարճ՝ ընդամենը չորս հարց և մեկ ելույթ։
Այժմ արդեն քննարկվում է նույն գործով Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը:
Հարցի քննարկումն սկսելուն պես «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերադարձան դահլիճ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դատախազը դիմել է ԱԺ՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնության համար «Հայաստան»-ից պնդում են՝ դատախազը գործում է Փաշինյանի պատվերով. պատգամավորների անձեռնմխելիության հարցը կքննարկվի հաջորդ շաբաթԴատախազը դիմել է ԱԺ՝ Օհանյանի ու Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլտվության համարԱռավել մանրամասն տե՛ս այստեղ