Կրեմլը Կիևին մեղադրում է Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունները սրելու համար։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե այդ մասին է վկայում Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու միջև երեկ կայացած հեռախոսազրույցը։
«Ուկրաինան ամեն ինչ կանի՝ կրակին յուղ լցնելու, սադրելու համար, որպեսզի ադրբեջանական կողմը շարունակի հուզական գործողությունները», - հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ ուկրաինական կողմի պահվածքը «կանխատեսելի է»։
Կրեմլի խոսնակը պնդել է, թե Մոսկվան երբեք չի սպառնացել եւ չի սպառնում Ադրբեջանին, իսկ Բաքվի գործողությունների պատճառն, ըստ Պեսկովի, ռուս իրավապահների գործողություններն են՝ ուղղված հանցագործության բացահայտմանը:
Բաքուն հայտարարում է, որ ռուս ուժայինները խոշտանգել ու կտտանքներ են կիրառել անցած շաբաթավերջին Եկատերինբուրգում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ, որոնց հետևանքով Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, մի քանիսը՝ ձերբակալվել՝ ավելի վաղ կատարված հանցագործություններին մասնակցելու կասկածանքով։
Ռուս - ադրբեջանական դիվանագիտական ճգնաժամի ֆոնին երեկ հեռախոսազրույց են ունեցել նախագահներ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Զելենսկին։
«Նախագահն ուկրաինացիների անունից համերաշխություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին և ցավակցություն հայտնել Եկատերինբուրգում Ադրբեջանի քաղաքացիների դաժան ձերբակալության և Սաֆարով եղբայրների սպանության կապակցությամբ։ Իլհամ Ալիևը ներկայացրել է հաստատված մանրամասները, որոնք ևս մեկ անգամ վկայում են ռուսների ատելության, շովինիզմի և ցինիզմի մասին», - ասված է Ուկրաինայի նախագահականի հաղորդագրությունում: