ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված նախագիծը

Միայն իշխանականների ձայներով (65 կողմ, 27 դեմ) Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելուն միտված նախագիծը:

Մի քանի օրվա ընթացքում մշակված նախագիծն արագացված ընթացակարգով քննարկվեց, առաջին ընթերցմանն ու վերջնական քվեարկությանը 48 ժամ էլ չբաժանեց:

Ընդդիմությունը պնդում է՝ սա արվում է ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլելու համար, ու կրկնում հարցը՝ նախագիծը հապճեպ մշակած ՔՊ-ականները գոնե հաշվե՞լ են՝ այս գործընթացը որքան կարժենա Հայաստանի քաղաքացիների համար: Այսօր «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը փորձեց սա հասկանալ:

«Սահմանադրականության հետ կապված, միջազգային պարտավորությունների հետ կապված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու Հանրապետության վրա անկառավարելի ֆինանսական և ներդրումային ռիսկերի հետ կապված. այդպես էլ անպատասխան են մնացել այս հարցերը՝ ո՞վ է վճարելու այս գործարքի հետևանքով», - հարցրեց պատգամավորը:

Նախօրեին տնտեսական հարցերով հանձնաժողովում նախագծի գրեթե 3 ժամ տևած բուռն քննարկման ընթացքում տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը չէր թաքցրել՝ հաշվարկ չկա. «Ինչ կարժենա այս ամբողջը՝ կա հստակ գնահատման կարգ սահմանած, և քանի դեռ գնահատում չի իրականացվել գույքի, պարտավորությունների և այլն, գուշակությունների դաշտում է, թե ինչ արժեք կունենա»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, գործընթացը մի փուլով չի լինելու. Փաշինյան



Քաղաքական հետապնդման մասին ընդդիմադիրների պնդումներին արձագանքելով՝ իշխանությունները հայտարարում են՝ գործընթացը Սամվել Կարապետյանի՝ եկեղեցին պաշտպանելու մասին հայտնի հայտարարությունից առաջ է սկսվել, վարչապետը հանձնարակական է տվել մայիսին, դժգոհ են հոսանքի հաճախակի անջատումներից: Տարածքային կառավարման նախարարի խոսքով՝ մինչ այդ էլ ՀԷՑ-ին ուղիղ են իրենց դժգոհությունը հայտնել:

«Քաղաքական մասով առիթներ ունեցել եմ նախորդիվ էլ ասելու, այդ թվում՝ թվարկել եմ ժամանակագրությունը Ձեր ասած և՛ հայտարարության, և՛ մեր նախատեսած քայլերի, և՛ դրանից առաջ ՀԷՑ-ի ղեկավարության հետ ունեցած խոսակցության, որն առնվազն սկսվել է, և մեր դժգոհության մասին իրենք առնվազն ինձնից լսել են դեռևս նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին», - նշեց նախարարը:

ՀԷՑ-ը հայտարարում է՝ ընկերության դեմ «մարտեր առանց կանոնների» ձևաչափով են պայքարում, իրենք իրավական ճանապարհով կգնան. Կարապետյանները տեղեկացրել են՝ եթե իշխանությունները նույն կերպ շարունակեն, Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ կհարուցվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խելագարության կանխավարկածի խնդիր կա, պատրաստվում ենք պայքարել. ՀԷՑ-ի տնօրեն

Ընդունված փոփոխություններով հնարավոր կլինի ՀԷՑ-ի կառավարումը ժամանակավոր կառավարչի հանձնել: Նախագիծն այսպիսի մեխանիզմ է ենթադրում. Կառավարությունը ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ հաղորդում կարող է ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Այդ դեպքում հանձնաժողովի նախագահն առավելագույնը հինգ օրվա ընթացքում վարչական վարույթ պետք է հարուցի: Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որն, ի դեպ, նախկին ՔՊ-ական է, կկարողանա նաև «կանխարգելիչ միջոցառումներ կիրառել», այդ թվում՝ ժամանակավոր կառավարիչ նշանակել: Ընդ որում՝ նախագիծը հետադարձ ուժ ունի, գործընթացը կարող է սկսվել նաև նախկին խախտումների համար: Փաստացի՝ այս պահից սկսած մի քանի օրում ՀԷՑ-ի կառավարիչը կարող է փոխվել: