Գլխավոր դատախազն անձամբ է հաղորդում ներկայացրել Սամվել Կարապետյանի վերաբերյալ. փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը, արխիվ

Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօրվա ասուլիսում տեղեկացրեց, որ գլխավոր դատախազն անձամբ է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Քննչական կոմիտե՝ գործարար Սամվել Կարապետյանի հարցազրույցի առնչությամբ:

«Ապօրինի քրեական այս հետապնդումը սկիզբ է առել գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Ես նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազը հենց ինքը մամուլի ուսումնասիրման վրա հաղորդում ներկայացնի, ոչ թե հետապնդումը հարուցի, այլ հենց հաղորդում ներկայացնի Քննչական կոմտեին»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Ընդ որում, փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանը Կարապետյանին կալանավորելու որոշման մեջ իբրև հիմնավոր կասկած մատնանշել է այն հանգամանքը, որ հաղորդում ներկայացրել է հենց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Ի դեպ, Արամ Վարդևանյանն ասաց, որ Վարդապետյանի այդ հաղորդումը պաշտպանական կողմին չի տրամադրվել:

«Այդ հաղորդման պատճենն առկա չէ մեզ տրամադրված նյութերում և դատարանին տրամադրված նյութերում, այն պարզապես տեղ է գտել քննիչի միջնորդության մեջ»,- ասաց փաստաբանը:

Եկեղեցուն պաշտպանելուց մի քանի ժամ անց բանտում հայտնված Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Նա մեղադրանքը չի ընդունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔԿ-ն մի քանի ժամ է՝ գործողություններ է իրականացնում «Տաշիր գրուպ»-ի գրասենյակում. նոր քրեական վարույթ՝ փողերի լվացման հոդվածով