ՔԿ-ն մի քանի ժամ է՝ գործողություններ է իրականացնում «Տաշիր գրուպ»-ի գրասենյակում. նոր քրեական վարույթ՝ փողերի լվացման հոդվածով

Քննչական կոմիտեն արդեն ավելի քան 4 ժամ է՝ անհետաձգելի գործողություններ է իրականացնում Երևանում՝ Տերյան փողոցում գտնվող «Տաշիր գրուպ»-ի գրասենյակում:

ՔԿ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ խուզարկություններն իրականացվում են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում:

Թե երբ է հարուցվել այս նոր վարույթը, Քննչական կոմիտեից չեն մանրամասնում:

Գործարար Սամվել Կարապետյանն այլ գործով մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի համար, որի շրջանակներում կալանավորված է:

Ներսում են նաև փաստաբանները: Նրանք ևս մինչև այս պահը որևէ տեղեկություն չեն հաղորդել, թե ինչ գործի մասին է խոսքը, որքան է առնչվում Սամվել Կարապետյանին, և ինչ են խուզարկում քննիչները:

Այսօր ավելի վաղ այստեղ էին ժամանել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը: Նրանց ևս թույլ չէին տվել մուտք գործել գրասենյակ: Դանիելյանը թեև մանրամասներին տեղյակ չէր, բայց պնդեց, որ այս ամենը փոխկապակցված է եկեղեցուն պաշտպանող Կարապետյանի՝ հայտարարության հետ:

Այս խուզարկությունից առաջ՝ առավոտյան հրավիրված ասուլիսին Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ իր գործարարի դեմ գործը «քաղաքական է»: Նա պնդեց, որ չնայած Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար, սակայն նման կոչ, ըստ էության չկա:

«Բարձրաձայնվեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը և դրա վերաբերյալ իր պատրաստակամությունը նաև եկեղեցուն պաշտպանելու: Ի տարբերություն այլ աղմկահարույց դեպքերի, քրեական գործերի՝ այս գործը մի առանձնահատկություն ունի, այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա», - ասաց նա՝ հավելելով իրավական աբսուրդի մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արմավիր» բանտից՝ ԱԱԾ մեկուսարան. Սամվել Կարապետյանին տեղափոխել են
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Կարապետյանը «սպառնացե՞լ է պետությանը», թե՞ «քաղբանտարկյալ» է

Լրացվում է